Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր, հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապաստան գտնել Հայաստանում:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին:

Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը, փոխանցում է Արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG