Առաջիկա օրերին Իսրայելում ազգային միասնության կառավարություն կձևավորվի։ Այս մասին, նախարարների կաբինետին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով, հաղորդում է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև մոտ երկու օր շարունակված բանակցությունների ավարտին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը կձևավորվի առաջիկա հինգ օրերին։ Դրա կազմում կընդգրկվեն ընդդիմության առաջնորդներից մեկը, նախկին պաշտպանության նախարար Բենի Գանցը, ինչպես նաև Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ռազմական գերատեսչության ղեկավար Յոավ Գալանտը։