Մարտերը պաղեստինցիների և Իսրայելի միջև շարունակվում են, իսրայելական կողմը հաղորդում է իր առնվազն 250 զոհի և 1500 վիրավորի, պաղեստինյան կողմը՝ իր առնվազն 232 զոհի և 1700 վիրավորի մասին: «Համաս»-ի զինյալներն առայժմ անհայտ թվով զինվորականների և քաղաքացիական անձանց են գերեվարել ու տարել Գազայի հատված:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտական գործողությունները գիշերը շարունակվել են, երկու քաղաքներում պաղեստինցիները պատանդներ են վերցրել և դիմակայում են իսրայելական ուժերին, մեկ այլ քաղաքում գրավել են ոստիկանատունը:
Կիրակի առավոտյան «Համաս»-ը նաև շարունակել է հրթիռակոծել Իսրայելի բնակավայրերը, մասնավորապես հարվածելով Աշկելոն քաղաքի հիվանդանոցին: Շենքը վնասվել է, տուժածների մասին չի հաղորդվում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով արդեն իսկ պատերազմ էր որակել շաբաթ առավոտյան «Համաս»-ի սկսած ռազմական գործողությունները, երեկոյան իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ իսրայելական ուժերն իրենց ամբողջ հզորությունը կօգտագործեն՝ ոչնչացնելու «Համաս»-ի կարողությունները, սակայն զգուշացրել է. - «Այս պատերազմը ժամանակ է պահանջելու: Դժվար է լինելու»: