Մատչելիության հղումներ

Ամբողջ կյանքում՝ հակառակորդի հարևանությամբ. մի խումբ արցախցիներ հաստատվել են Ոսկեվանում՝ Ադրբեջանի հետ սահմանին


Արցախյան բոլոր պատերազմների դառնությունը հիշողության մեջ, ամուսնու դեռ թարմ շիրիմը թողել է Դրմբոն գյուղում ու երկու որդիների հետ Հայաստան հասել Ռիտա Լալայանը։

Տավուշի մարզի Ոսկեվանում կիսախարխուլ տանը խնամքով մաքրում է տասնամյակների փոշին ու ժանգոտ մահճակալներն ազատում սարդոստայններից։

«Ես ամեն ինչին հարմարվող եմ, մենակ թե հանգիստ ապրեմ՝ առանց թուրքի հարևանության», - ասաց Լալայանը։

Ամբողջ կյանքում դեմ դիմաց հակառակորդի ներկայությունն զգացած կնոջն Ադրբեջանի հետ սահմանակից գյուղում են մի անբնակ տուն տվել։ Ասում է՝ այստեղ էլ կապրի, ինչպես մյուսները։ Վստահ է՝ տունն իրենց ձեռքով կարգի կբերեն, տնամերձ այգին կմշակեն ու կհաստատվեն։ Արցախ վերադարձի ճամփա է՛լ չի տեսնում. - «Ավելի լավ ա մի խուլ գյուղում մնամ, քան թե նորից գնամ էդ թուրքերի մեջ։ Ու հետ գնալ չկա»։

Որդին՝ Ժորա Ղալայանն արդեն գյուղատնտեսական գործիքներն է ձեռքն առել ու տան դիմաց՝ մացառուտներն է մաքրում։ Գարնանն այստեղ հաստատ այգի կդառնա, ասում են։

Նույն մեքենայով երկու օրում Հայաստան հասած Արշալույս Առուստամյանն էլ ամուսնու և 5 երեխաների հետ հարևան տանն է կացարան գտել։ Սեպտեմբերի 19-ի արյունալի արկերն իրենց գյուղ՝ Վաղուհաս էին հասել։ Նույն օրը անտառներով գյուղից մինչև Դրմբոն են փախել։ «Անգամ մեքենան չկարողացանք մեզ հետ հանել», - ասում է։

Տունը կողպել ու բանալին թաքցրել են՝ վերադարձի հույսով։ Բայց հրադադարից ու Արցախի հանրապետությունը լուծարելու որոշումից հետո դրա հույսն այլևս չունեն։ Ադրբեջանին մնաց տարիների ստեղծածը։

Մի ուրիշ ցավոտ պատմությամբ էլ Դավիթ Բալասանյանն է Արցախի Մարտունի քաղաքից Ոսկեվան հասել։ Ասում է Մարտունու քաղաքապետի առաջնորդած փոքրաթիվ ջոկատով են վերջին մարտերի ժամանակ ինքնապաշտպանվել։ Ցավոք, հարազատ քաղաքը փրկել չկարողացան, զոհվել են ընկերները, նրանց թվում՝ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

Իրեն փրկողը՝ գրպանում պահած անձնագիրն է եղել։ Գնդակը խոցել է զրահաբաճկոնն ու հետք թողել անձնագրի վրա։ Ադրբեջանցի սահմանապահների միջով սահմանը հատելիս անձնագիր ցույց չի տվել՝ խնդիրներից խուսափելու համար, ասել է՝ չի հասցրել վերցնել իր հետ։ Կարծում է՝ գնդակի հետքը կմատներ զինվորական լինելը։

Հիմա եկել է Ոսկեվան ու կրկին ապրում է Ադրբեջանի հետ սահմանին՝ հույսով, որ այն կողմից է՛լ արկեր չեն գա իրենց վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG