Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ


Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել, հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ հանդիպման ժամանակ։

Մարգարյանը շեշտել է՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի համակարգմամբ առաքելությունը այցելել է արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ և տվել իրավիճակի խեղաթյուրված նկարագրությունը, իսկ դա ադրբեջանական կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:

ԳՔ Հատուկ խորհրդականը վերահաստատել է իր պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին ներգրավելու ուղղությամբ:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ամփոփելով այցը առաքելությունը հայտարարեց՝ ՄԱԿ-ի առաքելությունը հայաթափված Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների մասին հաղորդում չի ստացել, քաղաքացիական և գյուղական ենթակառուցվածքների ավերածություն չի տեսել, սատկած անասունի կամ ընտանի կենդանու չի հանդիպել և ըստ իրենց ստացած տվյալների, 50-ից մինչև1000 մարդ կա:

Հայաստանը քննադատել է զեկույցն ու այցը համարել խիստ ուշացած։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ ՄԱԿ-ի առաքելությանը մեղադրել է «էթնիկ զտումները լեգիտիմացնելու» մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG