Մատչելիության հղումներ

Բաքուն թարմացրել է զոհերի մասին տեղեկատվությունը


Ադրբեջանի բանակի զինծառայողներ, արխիվ
Ադրբեջանի բանակի զինծառայողներ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումից ուղիղ երկու շաբաթ անց պաշտոնական Բաքուն հրապարակում է սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների անվանական ցանկը, ինչպես նաև հանրայնացնում է նրանց զինվորական կոչումների և տարիքի մասին տեղեկատվությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից հրապարակված այդ ցուցակից պարզ է դառնում, որ ընդամենը 24 ժամում երկրի բանակը առնվազն 191 զոհ է տվել, որոնցից 66-ը կամ ավելի քան մեկ երրորդը ժամկետային զինծառայողներ են։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր հրապարակած այդ ցանկում ընդգրկված զոհերից 11-ը՝ 2005, 43-ը՝ 2004 և 12-ը՝ 2003 թվականների ծնվածներն են։ Համեմատության համար նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրած կորուստների թվում 18-20 տարեկանների համամասնությունը 22 տոկոս էր կազմում, վերջին մարտական գործողություններում՝ 35 տոկոս։

Ուշագրավ է նաև, որ սեպտեմբերի 19-20-ի հարձակման ընթացքում Ղարաբաղում զոհված 18 տարեկան ադրբեջանցիների մեջ կան այնպիսիները, որոնց զորակոչային տարիքը լրացել էր այս տարվա ապրիլին կամ հուլիսին, ինչը նշանակում է, որ այդ զինծառայողներն առաջնագիծ են ուղարկվել ժամկետային ծառայության առաջին իսկ ամիսներին, եթե ոչ՝ շաբաթներին։

Զոհերի մեջ ժամկետայինների նման առատությունը, ըստ էության, վկայում է նաև այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները տարբեր զորատեսակների կիրառմամբ լայնածավալ ռազմական հարձակում էին, այլ ոչ թե «տեղային հակաահաբեկչական գործողություն», ինչի մասին պնդում էր պաշտոնական Բաքուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների վերլուծությունը նաև որոշ հետաքրքիր միտումներ է բացահայտում Արցախի դեմ հարձակման ընթացքում զոհված սպայակազմի ներկայացուցիչների համամասնության հետ կապված։ Ինչպես և 44-օրյա պատերազմի ընթացքում, սեպտեմբերի 19-ին և 20-ին ևս ադրբեջանցի սպաների շրջանում զոհերի ամենամեծ թիվն արձանագրվել է կրտսեր հրամանատարական կազմի՝ կրտսեր լեյտենանտների, լեյտենանտների և ավագ լեյտենանտների շրջանում։ Մեկ օր շարունակված մարտական գործողությունների ընթացքում, սակայն, ադրբեջանական բանակը նման կոչումներ ունեցող 28 սպա է կորցրել՝ այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում կրտսեր սպայակազմը օրական միջինը ընդամենը 5 զոհ էր տալիս։

Սեպտեմբերի 19-ից 20-ը շարունակված մեկօրյա ռազմական գործողությունների ինտենսիվության մասին է վկայում նաև Ադրբեջանի զինված ուժերի միջին սպայակազմի շրջանում կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։ Ընդամենը մեկ օրում, լիակատար շրջապատման մեջ գտնվող և մատակարարման լուրջ խնդիրներ ունեցող Պաշտպանության բանակի հետ մարտերում ադրբեջանական զորքերը 7 կապիտան, 4 մայոր և 1 փոխգնդապետ են կորցրել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տրամադրած տեղեկատվությունը, այնուհանդերձ, բավական կցկտուր է՝ զինծառայողների անձնական մի շարք տվյալներից բացի պաշտոնական Բաքուն որևէ տեղեկատվություն չի հաղորդում նրանց մահվան հանգամանքների կամ էլ ծննդավայրի մասին։ Տեղեկատվական այս մի բացը արդեն երկու շաբաթ է ինչ բաց աղբյուրների ուսումնասիրության միջոցով փորձում են լրացնել արտերկրում գործող անկախ ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորաբար՝ Գերմանիայի մայրաքաղաքում տեղակայված Мeydan TV կայքը։Այս լրատվամիջոցը նախ պնդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միտումնավոր կերպով նվազեցնում է սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական կողմի կրած կորուստները։ «Ընդամենը 24 ժամում ադրբեջանական բանակը 200 զոհ է տվել, և այդ թիվը աճելու միտում ունի», - պնդում են Meydan TV-ի խմբագիրները։

Կայքը Արցախի դեմ հարձակման ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների սեփական ցանկն է կազմել՝ սոցիալական ցանցերում կատարված գրառումների և համայնքապետարանների աշխատակիցների հետ զրույցների հիման վրա։ Meydan TV-ի հրապարակած այս ցուցակը ևս մի շարք ուշագրավ միտումներ է վերհանում՝ նախևառաջ առաջնագծում զոհված ադրբեջանցի զինծառայողների ծագման հետ կապված։ Ցուցակից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 19-ի և 20-ի մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավարևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։ Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար՝ ավելի քան 2 միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG