Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի առաքելությունը ցնցված է Արցախը լքելու բնակչության «հանկարծակի որոշումից»


Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը ամփոփել է մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ։ Այսօր տարածած հայտարարությամբ դիտորդները փաստում են՝ Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1 հազար հայ։

«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարում է ՄԱԿ-ի առաքելությունը։

ՄԱԿ-ի պաշտոնյաները միաժամանակ հայտարարում են, թե ոչ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ոչ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ։ Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ այն վայրերում, որոնք այցելել են, քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ սատկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։

«Այս փուլում դժվար է հասկանալ՝ մտադիր է արդյոք տեղի բնակչությունը վերադառնալ։ Հստակ է, որ վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա, իսկ դա ժամանակ և ջանքեր է պահանջում բոլոր կողմերից»,- ընդգծում է միջազգային կառույցի թիմը՝ հավաստիացնելով, թե ՄԱԿ-ը «պատրաստ է աջակցել {Լեռնային Ղարաբաղում} մնացած բնակչությանն ու նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»։

ՄԱԿ-ի պաշտոնյաները, ըստ հայտարարության, մեկօրյա այցի ընթացքում եղել են Աղդամում, Ստեփանակերտում և Լաչինի միջանցքում։ Հաղորդագրության համաձայն՝ գյուղական բնակավայրեր դիտորդների հասանելիությունը «սահմանափակ» էր։

XS
SM
MD
LG