Լեռնային Ղարաբաղում հայերի բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից լիազորված հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Հայ բնակիչները կարող են ներգրավվել այդ հատուկ ներկայացուցչությունների աշխատանքներում։ Այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, տեղեկություն է հրապարակել Ադրբեջանի նախագահի վարչակազմը։
Trend-ը փոխանցում է, որ Ադրբեջանը «գործնական միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։
Ղարաբաղի հայերի հետ կապերի պատասխանատու նշանակված պատգամավոր Ռամին Մամեդովը սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին Եվլախում և Իվանյանում (Խոջալու) հանդիպումներ է անցկացրել հայերի հետ և ներկայացրել է Ադրբեջանում վերաինտեգրվելու ծրագրերն ու քննարկումներ է անցկացրել այդ հարցերի շուրջ:
Քննարկումների ընթացքում ադրբեջանական կողմն ընդգծել է, որ վերաինտեգրումն իրականացվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»՝ երկրի Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա։