Մատչելիության հղումներ

Կիևում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների առաջին հավաքը Միության տարածքից դուրս


Ուկրաինա - ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ասուլիսը Կիևում, 1-ը սեպտեմբերի, 2023թ․
Ուկրաինա - ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ասուլիսը Կիևում, 1-ը սեպտեմբերի, 2023թ․

Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր նիստ են անցկացնում Կիևում, առաջին անգամ՝ ԵՄ տարածքից դուրս։ Նպատակն է ցույց տալ Եվրոպայի անսասան աջակցությունը Ուկրաինային, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Մինչդեռ այդ համերաշխությանը երեկ ևս մեկ հարված է հասցվել. ԵՄ անդամ Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը, որը կոչ է անում զրկել Ուկրաինային ռազմական օգնությունից։

Ավելի վաղ այդ կուսակցության առաջնորդն անգամ հայտարարել էր, թե պատերազմը սկսել են «ուկրաինացի ֆաշիստները, այլ ոչ թե Ռուսաստանը»։

Ուկրաինայի համար է՛լ ավելի մտահոգիչ էին օվկիանոսի այն կողմից ստացվող նորությունները։ Նախօրեին Միացյալ Նահանգներում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել 45-օրյա բյուջեի շուրջ, որով ոչ մի լումա Ուկրաինայի համար չի նախատեսվում։ Արտգործնախարար Դմիտրի Կուլեբան արդեն ցավ է հայտնել, միաժամանակ պնդել, թե Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվել։ «Ուկրաինային օգնություն չներառելը ամերիկյան բյուջեի մասին արտակարգ օրենքում թեև ցավալի է Կիևի համար, սակայն մի դրվագ է և չի նշանակում, թե այս պատերազմի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ համակարգային փոփոխություն է տեղի ունեցել», - վստահեցրել է Կուլեբան։

Նախօրեին հավաստիացումներ են հնչել նաև Սպիտակ տնից։ Նախագահ Ջո Բայդենը, որ պատրաստվում է նախընտրական քարոզարշավի, հայտարարել է, թե ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային կմնա հաստատուն․ - «Եվ ես ուզում եմ հավաստիացնել մեր ամերիկացի դաշնակիցներին՝ ամերիկացի ժողովրդին և Ուկրաինայի ժողովրդին, որ դուք կարող եք հույս դնել մեր աջակցության վրա: Մենք չենք հեռանա»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 1-ը հոկտեմբերի, 2023թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, Վաշինգտոն, 1-ը հոկտեմբերի, 2023թ․

Բայդենի ընդդիմախոս հանրապետականները, սակայն, մեծամասնություն ունենալով Ներկայացուցիչների տանը, դեմ են Կիևին հետագա ռազմական օգնությանը։ Երկու կուսակցությունների Սենատի բարձրաստիճան ղեկավարները, միաժամանակ, հայտարարել են, թե կշարունակեն քննարկումներն այս հարցի շուրջ։

Անցած տարվա փետրվարից՝ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից Բայդենի վարչակազմն արդեն տրամադրել է մոտ 20 միլիարդ դոլար:

Կրեմլը չի հավատում, թե Վաշինգտոնը թուլացնում է իր աջակցությունը Ուկրաինային։ Համենայն դեպս, Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ի բյուջեում Ուկրաինային օգնություն չներառելու որոշումը ժամանակավոր է։ Վաշինգտոնը կշարունակի գործնականում անմիջականորեն ներգրավված լինել հակամարտության մեջ, պնդել է Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG