Մատչելիության հղումներ

Ըստ Ռումինիայի ՊՆ-ի՝ ռուսական անօդաչուները հավանաբար խախտել են իրենց օդային տարածքը


Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ գիշերը ռուսական անօդաչուները հավանաբար խախտել են իրենց օդային տարածքը։

Ռուսական բանակը հերթական հարձակումն է իրականացրել Ուկրաինայում օգտագործելով կամիկաձե անօդաչու սարքեր։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ ռուսները 40 անօդաչու թռչող սարք են արձակել, որոնցից 30-ը խոցվել են։ Անօդաչուների գրոհը եղել է նաև Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի շրջանի վրա, որտեղ գտնվում են ուկրաինական հացահատիկի նավահանգիստները։

Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները նախազգուշացրել են սահմանամերձ Տուլչա և Գալաթի շրջանի բնակիչներին վտանգի մասին, քանի որ իրենց ռադիոլոկացիոն համակարգը ցույց է տվել օդային տարածքի հնարավոր խախտում։ Նախարարությունը հավելում է, որ դեռ տվյալներ չունի, թե արդյոք Ռումինիայի տարածքում օբյեկտներ են ընկել, սակայն այսօր կշարունակվեն բեկորների որոնումները։

Ռումինիայի ռազմական գերատեսչությունը սահմանամերձ շրջաններում ռմբապաստարաններ է կառուցել, և տեղի բնակիչներին ցուցում է տրված ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ պատսպարվել։

«Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով Ռումինիայի ՊՆ աղբյուրները, հայտնում է, որ այդ երկիրը հակաօդային պաշտպանության միջոցներ է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին։ Այս միջոցները ձեռնարկվել են Ռումինիայի և ՆԱՏՕ-ի աճող մտահոգության պատճառով, որ Ուկրաինայում հակամարտությունը կազդի հարևան պետությունների վրա։ Ռումինիայի իշխանությունները ընդլայնել են նաև ոչ թռիչքային գոտին և տեղակայել չորս լրացուցիչ ամերիկյան F-16 կործանիչներ։

Իր տարածքում հայտնված անօդաչուների մասին Ռումինիան հայտնել է նաև սեպտեմբերին։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ իրենք պաշտոնապես տեղեկացրել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ իրենց տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերել։ Իր հերթին, Ռումինիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտին Սպինուն հայտնել էր, որ իշխանությունները հետաքննում են բեկորների ծագումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG