Մատչելիության հղումներ

Ալիևը վերահաստատում է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատում է, թե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Նշելով, որ Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական միջոցառումները» տևել են 24 ժամից էլ քիչ, նա հայտարարել է, որ մտադրություն չեն ունեցել դրանք շարունակելու։

«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք չարեցինք: Մենք նման մտադրություն չունենք։ Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում և անում ենք դա ողջ պատասխանատվությամբ», - ասել է Ալիևը:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 21-ին:

Պաշտոնական Երևանը խիստ մտահոգիչ էր համարում, որ Բաքուն հրապարակայնորեն չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Մինչև այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ, այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից», - մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG