Մատչելիության հղումներ

Միրզոյանը ՄԹ պետնախարարի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքների վրա


Այսօր Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ուշադրություն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքների վրա՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման:

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին:

Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:

XS
SM
MD
LG