Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին: Այդ մասին Բեռլինում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Գերմանիայի մայրաքաղաքում նա հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որին հավաստիացրել է, թե Բեռլինն այդ հարցում մտահոգվելու առիթ չունի:
«Պատժամիջոցների հնարավոր շրջանցման հետ կապված՝ Ղազախստանը հստակ հայտնել է, որ պահպանելու է դրանց ռեժիմը, մենք շփումներ ունենք համապատասխան կազմակերպությունների հետ՝ պատժամիջոցները պահպանելու համար»,- ասել է Տոկաևը։
Շոլցն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ղազախստանի կառավարությունն աջակցում է Արևմուտքին պատժամիջոցների շրջանցումը կանխելու գործում:
Տոկաևը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Շոլցի հետ հանդիպումից հետո Ղազախստանի ղեկավարը նախատեսում է մասնակցել Կենտրոնական Ասիայի պետությունների և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովին:
Բացի այդ, Տոկաևը կմասնակցի Berlin Global Dialogue միջազգային ֆորումին, որտեղ հանդիպումներ կունենա գերմանական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման: Դրանից հետո պատժամիջոցները տարին երկու անգամ՝ հունվարին և հուլիսին, վեց ամսով երկարաձգվել են:
2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Եվրամիությունն ընդհանուր հաշվով պատժամիջոցների 11 փաթեթ է հաստատել:
Դա եվրոպական համայնքի պատմության ընթացքում պատժամիջոցների ամենալայնածավալ քաղաքականությունն է: Ռուսաստանը դատապարտել է պատժամիջոցների ընդունումը և պատասխան պատժամիջոցներ է սահմանել: