Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» սեպտեմբերի 20-ին զինաթափվել և բերման են ենթարկվել 6 ադրբեջանցիների մահվան փաստով կասկածյալներ:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Բաքուն Արցախի Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով երկու տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում նշված է միայն «ապօրինի կազմակերպված զինված խմբավորումներին մասնակցող կասկածյալներ»՝ առանց անուն-ազգանունների։
Միաժամանակ, ադրբեջանական Պետանվտանգության ծառայությունը դիմել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը»՝ վստահեցնելով, թե «զենքերը հանձնող հայկական ծագմամբ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության լիակատար երաշխիք» է տալիս:
Իսկ ձերբակալվել են, ըստ ծառայության, «անձինք, ովքեր ահաբեկչություն են իրականացրել ոստիկանության չորս աշխատակցի և երկու քաղաքացիական անձանց դեմ»: