Մատչելիության հղումներ

Կրակոցներ Արցախում՝ Եվլախի բանակցությունների ֆոնին


Ստեփանակերտը սեպտեմբերի19-ի հրետակոծությունից հետո
Ստեփանակերտը սեպտեմբերի19-ի հրետակոծությունից հետո

Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ դուրս գալու տարբերակներ են մտածում։

«Հա, հա, վիճակը փիս է, հանգստարանի թաղով մտել են ուժե, ասըմ ավտոմատնին վերցրած իջել են», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գիշերը հանգիստ է եղել, ապաստարաններից բարձրացել տներում են գիշերել, սակայն հիմա բոլորը նորից նկուղներում են։

«Լոխ պադվալնին են մտած, իրիկունը խախանդ էր, հիմի էլի վրա են տամ, շատ դժվար ա, տեսնանք ինչ ենք անում, բացում են, թողեն տյուս կյանք։ Հիմա Ստեփանակերտում ենք», - ասաց արցախցի կինը։

Արցախի մեկ այլ բնակիչ «Ազատությանը» ևս տեղեկացրեց Ստեփանակերտում կրակոցների մասին՝ նշելով՝ իրենք Մարտակերտից են, եկել էին Ստեփանակերտ, սակայն կրակոցների պատճառով դուրս են եկել Ստեփանակերտից ու հիմա օդանավակայանում են՝ խաղաղապահների տեղակայման վայրում։

Նրա խոսքով՝ օդանավակայանում մարդկային մեծ կուտակումներ են, ժողովուրդը պահանջում է, որ իրենց թույլ տան դուրս գալ Արցախից, սակայն, նրա փոխանցմամբ, խաղաղապահները տեղեկացրել են, որ դուրս թողնելու հրաման չունեն։

«Ստեփանակերտում խուճապային վիճակ էր, մարդիկ դուրս էին եկել տներից ու լացում էին, որովհետև չգիտեին ինչ անել, չէ որ հրադադար է, բայց ավտոմատներից կրակում էին։ Հիմա սպասում ենք, ասում են Ռուսաստանից հրաման չունենք, որ թողնենք դուք գնաք, կուտակումներ են մարդկային։ Մարտակերտ էլ նոր խոսեցի, մարդիկ մտել են նկուղները, իրենք եկել են, չեն թողել, հետ են դարձրել։ Մենք, օրինակ, ուտելիք չունենք, բայց մարդիկ եկել են փայտով, կրակ են վառել, ահավոր տխուր վիճակ է՝ մարդիկ երեկվանից բաց տարածքում էսպես անորոշ սպասում են», - ասաց արցախցի բնակիչը։

Անկախ լրագրող Մարութ Վանյանն էլ Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ լսվում են կրակոցների ձայները։

Այսօր ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հաղորդեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Ըստ Ստեփանակերտի՝ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը հորդորում է մնալ ապաստարաններում, իսկ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնի։

Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ միջադեպի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ստեփանակերտի ուղղությամբ գրոհ ձեռնարկելու մասին տեղեկությունները։

Կրակը դադարեցնելու պայմանավորվածությունից հետո երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Բաքուն Ղարաբաղից դուրս բերվող հայկական ուժերի համար ելքի անվտանգ միջանցք կապահովի դեպի այն կետերը, որտեղ նրանք պետք է հավաքվեն։ Ըստ Հաջիևի՝ այդ տեղում այս գործողությունները համակարգելու են ռուսաստանցի խաղաղապահները։

Հաջիևը նաև ասել է, որ «Ղարաբաղում զինված խմբավորումների զինաթափումն իրականացվելու է ռազմական մասնագետների կողմից»։

XS
SM
MD
LG