Եվլախում մեկնարկում է Ղարաբաղի հայ բնակիչների պատվիրակության հանդիպումը Բաքվի ներկայացուցիչների հետ։
Ըստ ադրբեջանական աղբյուրների հրապարակած տեսանյութի՝ պատվիրակության կազմում է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Արցախի պատվիրակությանն ուղեկցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Ստեփանակերտից պատվիրակության կազմը դեռ չի հրապարակվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվլախում բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը:
Ռամին Մամեդովը Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։
«Մինչ այդ նա Խոջալուում մեկ հանդիպում է անցկացրել հայ բնակիչների ներկայացուցիչների հետ», -ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Եվլախում (սեպտեմբերի 21-ին) հանդիպմանը կքննարկվեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցեր՝ հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների վրա, ներառյալ մշակութային, քաղաքային, կրոնական և այլ օրենքներ ու իրավունքներ. «Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն այս հանդիպումն անցկացնում է իր ներքին գործերի համատեքստում»:
Միշելը կրակի դադարեցումը դրական քայլ է անվանել և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի։ Նա դրական է գնահատել նաև Եվլախում նախատեսված հանդիպումը։
Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Բաքուն զոհերի ու վիրավորների թիվ չի հրապարակել։
Ստեփանակերտը երեկ հաղորդեց, որ ընդունում է կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը, համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը։ Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
Կողմերը համատեղ փաստաթուղթ հրապարակեցին, որում նշվում էր, որ Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին։
Բաքուն նաև հայտարարեց՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։