Քննարկո՞ւմ է արդյոք Երևանը ճանաչել Արցախը հանուն փրկության՝ կանխելու ցեղասպանությունը, այսօր խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հրավիրված հրատապ քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանից:
«Նման փորձ աշխարհում կա, երբ որ դա բերել է նրան, որ ճանաչել են հանուն փրկության՝ էդ ժողովրդի փրկության հարցը երբ որ բերվել է օրակարգ, ֆիզիկական ոչնչացումից փրկության հարցը: Դա գնացել է էդ ուղղությամբ», - ասաց Ռուստամյանը:
«Հայաստանը հայտարարել է խաղաղ օրակարգի՝ տարածաշրջանում հաստատման և այս ուղով ընթանալու վերաբերյալ: Վարվում են բանակցություններ, և մենք այս բանակցություններում նպատակ ունենք ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», - արձագանքեց Սաֆարյանը:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը Նիկոլ Փաշինյանն էր ընտրողներին խոստացել երկու տարի առաջ, հիշեցրեց Ռուստամյանը և շարունակեց. - «Հիմա ասում եք՝ Արցախը Ադրբեջանի կազմում է: «Արցախը Ադրբեջանի կազմում» հայտարարությունը բերում է և շարունակելու է բերել ավերածություններ: Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ հրաժարվի իր այդ հայտարարությունից, հակառակ պարագայում չի կարող պաշտպանել լիարժեք Արցախի ժողովրդի իրավունքները և նրա անվտանգությունը, որովհետև, պարզ է, չէ՞, որ անհնար է դառնում խոսել ընդհանուր իրավունքների պաշտպանության մասին, երբ որ անտեսված է ամենագլխավոր իրավունքը՝ ինքնորոշման իրավունքը»:
Այս հայտարարություններին իշխանական պատգամավորները հիմնականում չէին արձագանքում, «Քաղաքացիական պայմանագրից» Հռիփսիմե Գրիգորյանը միայն նկատեց՝ պետք չէ Հայաստանը վտանգել. - «Ավելի քան որևէ այլ օր պիտի մտածենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին, որովհետև միայն այդ կերպ մենք կարող ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ամեն օր: Եվ մտածել այն մասին, թե դրա մասին չմտածելը ում ջրաղացին է ջուր լցնում, և արդյոք դա օգնո՞ւմ է մեր թշնամիներին, թե՞ խանգարում»:
Փոխարտգործնախարար Մնացականյանը մինչև խորհրդարան գալը հանդիպել էր Ռուսաստանի դեսպանի հետ, մանրամասներ չներկայացրեց՝ միայն նշելով, որ Սերգեյ Կոպիրկինը ևս տեղյակ չի եղել Ադրբեջանի ծրագրերի մասին։
Նիստում կրքերը թեժացան, երբ դաշնակցական Ասպրամ Կրպեյանը իշխանությունների հրաժարականի պահանջ հնչեցրեց։ «Փողոցում չեն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին», - հակադարձեց հանձնաժողովի նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը:
«Հեռացե՛ք, որ կարողանանք մեր երեխաներին, մեր ծերերին ու մեր հայրենիքը փրկենք: Դուք լռե՛ք», - հայտարարեց Կրպեյանը:
«Մեր ընդդիմադիր գործընկերը մեղադրեց ամեն ինչում Հայաստանի իշխանություններին և մի խոսք չասաց Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ», - հակադարձեց Խանդանյանը:
«Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ բազմիցս եմ ասել, մի՛ խեղաթյուրեք», - պատասխանեց Կրպեյանը, ինչին հաջորդեց նրա խոսափողն անջատելու՝ հանձնաժողովի նախագահի պահանջը: