Ռուսաստանի պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապալովը ասել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում զենք կիրառելու իրավունք չունի։
«Քանի դեռ ռուսական խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցի փոխանցմամբ` ասել է Կարտապալովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում։
Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:
Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։