«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում է՝ առաջիկա անելիքների մասին ավելի մանրամասն կխոսեն մոտակա օրերին՝ առանց հստակեցնելու, թե ինչ պլաններ ունեն ավագանու կազմում համագործակցության վերաբերյալ:
«Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար:
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երևանի ավագանիում», - ասված է ՔՊ հայտարարությունում:
Երևանի ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն։ Ընտրողների ձայները բաշխվել են այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ավելի քան 75 հազար քվե կամ ձայների 32.5 տոկոսը, «Ազգային առաջընթացը»՝ ավելի քան 43 հազար քվե կամ ձայների 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։