ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկների փաթեթով։
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը «հաշվի է առել Ռուսաստանի խնդրանքները»։
«Մենք ունենք խնդիրների կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեզ ապահովել ռուսական պարենային ապրանքների և պարարտանյութերի ավելի արդյունավետ մուտք դեպի համաշխարհային շուկաներ համապատասխան գներով», - ընդգծել է նա։
Գուտերեշի կարծիքով՝ ՄԱԿ-ը «առաջարկ է ներկայացրել, որը կարող է հիմք հանդիսանալ գործարքի վերականգնման համար, բայց այնպեսի վերականգնման, որն այն ավելի կայուն կդարձնի»:
Հացահատիկի գործարքը, ըստ որի սննդամթերքն արտահանվում էր Ռուսաստանի կողմից արգելափակված Սև ծովի նավահանգիստներից, կնքվել էր 2022 թվականի հուլիսին։ Քառակողմ համաձայնագիրը ստորագրել էին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։ Համաձայնագրով սահմանվել էին Ռուսաստանի և Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի անարգել արտահանման պայմանները՝ միջնորդների երաշխիքներով։
Այս տարվա հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից՝ պնդելով, թե արտահանվող ցորենի մեծ մասը չի հասնում հասցեատիրոջը՝ աղքատ աֆրիկյան երկրներ, իսկ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները Մոսկվայի նկատմամբ։