UEFA-ն կարգապահական վարույթ է հարուցել Խորվաթիայի դեմ Լատվիայի հավաքականի հետ սեպտեմբերի 8-ին կայացած խաղի ժամանակ Ռիեկա քաղաքի մարզադաշտում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նացիստական դրոշ բարձրացնելու համար։ Խմբային մրցափուլի այդ խաղում Խորվաթիան հաղթել է 5:0 հաշվով։
Խորվաթիան արդեն UEFA-ի կարգապահական վարույթի փորձաշրջանի մեջ է՝ անցած հունիսին Ազգերի լիգայի եզրափակիչում Նիդեռլանդներում իր երկրպագուների «խտրական վարքագծի» համար և այդ պատճառով Խորվաթիայի երկրպագուներին տոմսեր չէին վաճառվել Երևանի հանդիպմանը ներկա գտնվելու համար, որտեղ Խորվաթիան հաղթեց 1։0 նվազագույն հաշվով։
UEFA-ի վերջին հետաքննության արդյունքում հնարավոր է, որ հոկտեմբերի 12-ին Խորվաթիայում կայանալիք Թուրքիայի հավաքականի հետ խաղն անցկացվի դատարկ մարզադաշտում։
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ռիեկայի միջադեպին մասնակցած երկրպագուների դեմ քրեական հետապնդում սկսելու հարցով համագործակցում է քաղաքային իշխանությունների հետ։