Մատչելիության հղումներ

ԶՈւ-ում 9-րդ մահվան դեպքը վերջին մեկ ամսում. ըստ իրավապաշտպանի՝ անպատժելիությունն է բերում այս իրավիճակին


Զինված ուժերում հերթական մահվան դեպքն է գրանցվել՝ 9-րդը վերջին մեկ ամսում։ Քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ զինծառայող Ալեքս Ավանեսյանն ինքնասպան է եղել գնդացիրով։

Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հյուսիս արևելյան սահմանագոտում. - «Կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող … հայտնաբերվել է զինծառայողի՝ Ալեքս Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել, դիակի կողքին հայտնաբերվել է նաև վերջինիս ամրակցված գնդացիրը։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել ինքնասպանություն զինծառայողին ամրակցված գնդացիրով»։

Ալեքս Ավանեսյանը 20 տարեկան էր, ընդամենը երկու ամիս հասցրեց ծառայել։ Ընտանիքի միակ զավակն ու տղամարդն էր, մոր ու տատի հետ ապրում էր Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում։ Խելոք, խելացի տղա էր, ասում է Գետամեջի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը։ Վաղն Ալեքսի հոգեհանգիստն է:

«Սոցիալապես անապահով ընտանիք, 90-ականներին կամ Բաքվից, կամ Հադրութից են եկել այստեղ, ինքը ծնված էլ չի եղել։ Հայր չունի, հայրն իր ծնվելուց հետո գնացել է, անհայտ է, չգիտենք՝ ուր է։ Երեխան շատ լավ տղա է եղել, տատիկն ու մայրն են մեծացրել։ Ինքը Նոր Հաճնում է դպրոց հաճախել։ Հարևանուհին ասաց, որ Աբովյանում ծրագրավորում է սովորել։ Բոլորն էլ ասում են, որ շատ խելոք, լավ տղա է եղել։ Մայրը կողքը թռնաչուծական ֆերմա կա, ասում են՝ այնտեղ էր աշխատում, տատը դե մեծ կին է, թոշակառու։ Ինքն էլ է աշխատել, օգնել ընտանիքին», - ասաց Շահբազյանը։

Ինչպես է զինվորը գնդացիրով ինքնասպան եղել. այս հարցի պատասխանը դեռ չկա։ Քրեական գործը հարուցվել է զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Իրավապահների հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելն է, այժմ այդ հանգամանքներն են պարզում, այդ թվում՝ մեղավորների շրջանակը։

«Կատարվում է նախաքննություն, այս պահին էլ դրանք շարունակվում են՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են կատարվածի հանգամանքները պարզելու և, իհարկե, վերջնական իրավական գնահատական տալու տեղի ունեցածին», - ասաց Գոռ Աբրահամյանը։

Նման վիճակագրություն, երբ մեկ ամսվա կտրվածքով բանակում 9 զինվոր մահանա ոչ հակառակորդի կրակոցից, իրավապաշտպանները չեն հիշում։

«Սա հստակ ինդիկատոր է, որ այս ուղղությամբ աշխատանք Զինված ուժերում այդպես էլ չի տարվում, չնայած որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տարիներ շարունակ խոսում էին սրա մասին, որ այս խնդիրները շուտափույթ լուծման կարիք ունեն», - ասում է իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը։

Բանակում արատավոր բարքերը վերացնելուն ուղղված անհետաձգելի միջոցառումներից էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի վերջին խոսել խորհրդակցության ժամանակ, հրահանգել ուսումնասիրել խնդիրները, սակայն դրանից հետո էլ փաստացի պատկերը չի փոխվել, ասում են իրավապաշտպանները։ Ինչո՞ւ մահերը Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում չեն պակասում. այս հարցի պատասխանն իրականում միանշանակ չէ, ասում է բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանը։

«Իրականում այս մահվան դեպքերը, որ մենք տեսնում ենք, հետևանք են վատ վերաբերմունքի, որոշ դեպքերում հավանաբար խոշտանգումների, որոշ դեպքերում զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող գործողությունների, ոչ կանոնադրային հարաբերությունների, այսինքն՝ բազմաթիվ են այս պատճառները», - ասաց նա։

Իրավապաշտպանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումները Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը նվազեցնելու մասին, ոչինչ չփոխվեց, ասում է. - «Ստացվում է, որ տարիներ առաջ ձևավորված անպատժելիության մթնոլորտը, այս գործերի կոծկելը բերում է նրան, որ թվում է, թե կարելի է հեշտ մարսել, այդ սպանությունն անել և մարսել, և այդ անպատժելիությունն է, որ բերում է այս իրավիճակին»։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն առաջին անգամը չէ, որ պնդում են՝ քանի դեռ մահվան դեպքերը հիմնականում որակվում են ինքնասպանություն, ու գործերն էլ դատարանում հենց այդ հոդվածով փակվում, քանի դեռ պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ իրավապահները թերի քննություններ անցկացնում, զինված ուժերում որևէ բարեփոխում արդյունք չի տա. - «Օրինակ չունենք էլի, երբ որ գործը վերաբացվել է, ենթադրենք, կամ նոր հանգամանքներ են պարզվել»։

Իրավապաշտպանը հիշում է, որ 2018-ի հեղափոխությունից հետո վարչապետի միջամտությամբ բանակում սպանությունների որոշ գործեր վերաբացվեցին, բայց ապարդյուն, այդպես էլ զինվորների մահվան իրական մեղավորները չհայտնաբերվեցին, այդպես էլ այդ գործերը մնացին ծնողների դարակներում առանց արդարադատության։

XS
SM
MD
LG