Մատչելիության հղումներ

Ինչ են փնտրում Վիքիպեդիայում հայերը, վրացիները և ադրբեջանցիները


Հարցի պատասխանը Թբիլիսիի Իլյա համալսարանի դասախոս Հանս Գութբրոդն է գտել, նրա ուսումնասիրության արդյունքների մասին պատմող հոդվածը հրապարակել է Eurasianet պարբերականը:

Եվ այսպես, ինչպիսի՞ տեղեկատվություն են փնտրում հարավկովկասյան երեք հանրապետությունների բնակիչները Վիքիպեդիայում: Պարզվում է՝ վրացիներին ամենաշատը հետաքրքրում է իրենց թագավորական ժառանգությունը․ առցանց հանրագիտարանում նրանք հաճախ փնտրում են Դավիթ Աղմաշենեբելիի (Դավիթ Շինարար), Թամար թագուհու մասին հոդվածները: Վրաստանի բնակիչների կողմից որոնվող էջերը վրաց հայտնի գրողների՝ Իլյա Ճավճավաձեի, Վաժա Փշելավայի, Սուլխան-Սաբա Օրբելիանիի, Շոթա Ռուսթավելիի, Ակակի Ծերեթելիի մասին են․ կայքի վրաց այցելուներն ընթերցում են ինչպես այդ մտավորականների ստեղծագործությունները , այնպես էլ նրանց կենսագրությունը։

Հայերին ամենաշատը հետաքրքրում է մշակույթը, նշում է ուսումնասիրությունների հեղինակը՝ վկայակոչելով Հայաստանի բնակիչների կողմից Վիքիպեդիայում ամենաշատ փնտրվող էջերի ցանկը՝ 30 ամենաընթերցված էջերից 17-ը մշակույթի և լեզվի մասին է։ Վարկանիշային աղյուսակում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, առաջին տեղում Հայաստանի մասին տեղեկագիրն է, Թումանյանին հաջորդում է Եղիշե Չարենցը, Կոմիտասի էջը նույնպես ամենաշատ ընթերցվածներից է, նկարիչ Մարտիրոս Սարյանը , գրողներ Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Ավետիք Իսահակյանը հայերի կողմից հաճախ փնտրվող հեղինակներ են։

Գութբրոդն ուշագրավ փաստ է առանձնացրել, որն ընդհանուր է միայն վրացիների և հայերի համար․ ոչ Վրաստանում, ոչ էլ Հայաստանում որևէ ժամանակակից քաղաքական գործչի նվիրված հրապարակում տեղ չի գտել ամենաընթերցված հարյուր հոդվածների ցանկում։

Մինչդեռ Ադրբեջանում պատկերը միանգամայն այլ է։ Նախ ադրբեջանցիները Վիքիպեդիայում հիմնականում իրենց ոչ վաղ անցյալի պատմական վիրավորանքների մասին հոդվածներն են ամենաշատն ընթերցում․ հետազոտությունը վկայում է, որ Ադրբեջանի քաղաքացիների կողմից 30 ամենափնտրվող էջերից 10-ը ազգայնականության, ազգային տրավմաների մասին են՝ այդ թվում Խոջալուի դեպքեր, 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի զոհերի մասին տվյալներ։

Ի տարբերություն հայերի և վրացիների , որոնք առցանց հանրագիտարանում հոգևոր սննդի փնտրտուքների մեջ են՝ գրականություն, մշակույթ, ադրբեջանցիները նախապատվությունը տալիս են իրենց հանգուցյալ նախագահի՝ իշխանությունը որդուն ժառանգած Հեյդար Ալիևի մասին էջին։ Ադրբեջանից Վիքիպեդիայի այցելուները հաճախ են փնտրում նաև իրենց ավելի քան քսան տարի առաջնորդող Իլհամ Ալիևին նվիրված հոդվածը, ընդ որում՝ նախագահ Ալիևն հայրենակիցների շրջանում ժողովրդականությամբ առաջ է անցնում նույնիսկ իսլամական կրոնի հիմնադիր Մուհամեդից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG