Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն ապօրինի զենքի գործի մանրամասներ է հրապարակում


Հայաստանի քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է հրապարակել ապօրինի զենքի գործից, որի շրջանակում 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Դանիելյանը:

Հաղորդագրության համաձայն՝ «Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու» դեպքի քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 24-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, այն քննում է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը:

7 անձանցից 2-ը, ըստ հաղորդագրության, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին, նրանց ինքնությունը չի հրապարակվում:

«Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանությունն ընդգծել էր. - «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովն էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG