Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը Իսրայելում է, նա երեկ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Այսօր իսրայելական i24NEWS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հաջիևը հայտարարել է, որ Իսրայելում դեսպանություն հիմնելով երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել։ Հաջիևը բարձր է գնահատել Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։
«Մեր համագործակցությունը Իսրայելի հետ, մասնավորապես իսրայելական պաշտպանական տեխնիկան վճռորոշ և կարևոր դերակատարություն են ունենում հակամարտությունում, և մենք երախտապարտ ենք Իսրայելին և Իսրայելի ժողովրդին», - նշել է Հաջիևը։
i24NEWS- ի կայքում տեղադրված հոդվածում նշվում է, որ Հաջիևի այս խոսքերը փաստորեն հաստատում են ենթադրությունները, որ հուլիսին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այցն Ադրբեջան, բացի Ադրբեջանի հարևան երկրի՝ Իրանի վերաբերյալ քննարկումներից, ներառել է նաև ռազմական համաձայնագրեր։
Իրանի հետ հարաբերություններին անդրադառնալով, Հաջիևը նշել է, որ «Կարևոր է հարևան երկրների հետ ամուր կապեր և համագործակցություն հաստատել, և որ Իսրայելի հետ դիվանագիտական բարեկամությունը չի նշանակում բացառել Իրանի հետ բարեկամությունը»։ Այնուամենայնիվ, Իսրայելում դեսպանատան բացումից հետո Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը աճել է։
Անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների ջերմացմանը, Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն ուրախ է Իսրայելի և Թուրքիայի միջև բարեկամություն և փոխըմբռնում տեսնելով և ուրախ կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև կապերը՝ գուցե եռակողմ ձևաչափով: