Մատչելիության հղումներ

Ազարյանն է հավատացել ու վստահել մեզ, որ այժմ հաջողությունների ենք հասնում. Հայաստանի հավաքականի մարզիչ


Ալբերտ Ազարյան
Ալբերտ Ազարյան

1953 թվական, Լենինգրադ, մարմնամարզության ԽՍՀՄ առաջնություն։ Հայաստանի թիմը դժգոհում է օղակների վարժությունում ռուս մրցավարների ցածր գնահատականներից։ Խաչը կարճ եք պահել՝ 2 վայրկյան 3-ի փոխարեն, բացատրում են դատավորները։

Թիմի վերջին մարզիկի հերթն է, 24 տարեկան Ալբերտ Ազարյանը մոտենում է օղակներին ու պահում խաչը։ Վայրկյաններն անցնում են, բայց շարունակում է պահել ու պահել։ Ապա ձախ է թեքվում ու հարցնում է՝ այսքանը բավակա՞ն է, դատավորների դրական նշանը ստանալով փոխում է դիրքը աջ կողմում նստածների ուղղությամբ ու կրկնում հարցը։

Ռուս մրցավարներին, սակայն, սա դուր չի գալիս, ասում են՝ վարժության ժամանակ խոսել չի կարելի, սպառնում են որակազրկել։ Մարզիկի 90-աստիճանով այդ պտույտը մինչդեռ չտեսնված էր։ Մինչ այդ ոչ ոք օղակների վրա նման բան չէր արել։

Հենց այսպես էլ ծնվում է մարմնամարզության ամենաբարդ էլեմենտներից մեկը՝ «Ազարյանական խաչը»։ Երիտասարդ մարզիկի փառքի ճանապարհը նոր էր սկսվում՝ օլիմպիական երեք ոսկիները, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտողներն առջևում էին։

«Օղակների արքայի» կյանքի թելը երեկ կտրվեց, 94-ամյա Ազարյանը մահացավ իր բնակարանում։

«Վերջին պահին, երբ որ ասեցի գնում եմ դպրոց գամ, Ազարյան ջան, մի քիչ դժվար էր խոսում, ասեց գնա, գնա։ Ու ես դուրս եմ էկել, անցավ մի երկու ժամ, խնամողը զանգահարեց, որ՝ Գառնիկ, հասիր։ Վազել եմ, հասել եմ... արդեն չկար մեր լեգենդը», - պատմում է Ազարյանի սաներից Գառնիկ Սարոյանը։

Նա է վերջին ամիսներին ամեն օր 20-րդ դարի լավագույն հայ մարզիկի կողքին եղել։ Պատմում է, որ կնոջ՝ Ելիզավետա Ազարյանի կորստից հետո լեգենդար մարզիկի առողջական վիճակը վատացավ։

Գառնիկ Սարոյանը, աշխարհի առաջնությանը պատրաստվող առաջատար հայ մարմնամարզիկներն այսօր իրենց ավագ ուսուցչի անվան մարզադպրոցում էին։ Ազարյանի մասին ասելիքը շատ է, հուշերը նույնպես։ Նրա ձեռքի տակով մարմնամարզիկների 4 սերունդ է անցել։

«Ազարյանն է հավատացել ու վստահել մեզ, որ այժմ հաջողությունների ենք հասնում», - ասում է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ չթաքցնելով, որ ավագ ուսուցչի առջև բոլորը կրկնակի պարտավորված էին զգում. - «Ինքը նենց մարդ էր, որ մեզնից միշտ ավելին էր պահանջում, երրորդը պետք է երկրորդ լինի, երկրորդը՝ առաջին»։

Ազարյանը մինչև խոր ծերություն հետևում, շտկում ու խորհուրդներ էր տալիս երիտասարդներին ու անգամ կյանքի վերջին օրերին էր մարմնամարզության անցուդարձին հետևում։

«Ինքը ստեղ արդեն ոչ թե թոռներ, այլ ծոռներ ու դաժե կոռներ ուներ», - ասում է Սերոբյանը։

Երկար ու ձիգ տասնամյակներից հետո վերջին տարիներին հայ մարմնամարզիկները դարձյալ լուրջ հաջողություններ են գրանցում։ Մարզասերների հիշողություններում թարմ են Արթուր Դավթյանի օլիմպիական բրոնզի արժանացած ցատկը, Հարություն Մերդինյանի սահմանած բացառիկ ռեկորդը և մյուս նվաճումները։

Անցած տարի 39-ամյա Մերդինյանը եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց՝ դառնալով հին մայրցամաքի առաջնություններում ոսկի նվաճած ամենատարեց մարզիկը երբևէ։

«Կարգ ու կանոնը հենց Ազարյանից ենք սովորել», - ասում է մարզիկը։

«Օղակների արքան» վերջին անգամ մարզադպրոց անցած տարեվերջին էր եկել ՝ իր կիսանդրու բացման արարողության ժամանակ, սա նաև նրա վերջին հանրային ելույթն էր։

Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի ղեկավարներն ու մարզական աշխարհի ներկայացուցիչները։ Վարչապետի որոշմամբ հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին ավելի ուշ կտեղեկացնեն։

XS
SM
MD
LG