Մատչելիության հղումներ

Բնակիչները սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքային ծրագրից օգտվելու հարցում խնդիրների են բախվում


Քարաշենցի Գուրգեն Աղայանը կնոջ և 4 երեխաների հետ գյուղի մանկապարտեզի վթարային շենքում է ապրում։ Դրանից առաջ արտերկրում գտնվող համագյուղացիներից մեկի տանն են ապրել։ Տարիուկես առաջ սեփականատերը վաճառել է տունը, ստիպված կիսաքանդ այս շինություն են տեղափոխվել, որտեղ անձրևին տանիքից կաթում է, քամին էլ հաճախակի պոկում պատուհաններին ամրացված պոլիէթլենային թաղանթները։

Անցած տարի կառավարությունը մի որոշում է ընդունել, որով սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար պետությունը աջակցություն է տրամադրում մինչև 16 մլն դրամի հիփոթեքային վարկի և մինչև 13 տոկոս տոկոսագումարի չափով։

«Ես կուզեմ, որ էդ ծրագրից ինձ օգնեն, ես էլ, ասենք տուն ունենամ, էրեխեքիս մեջին պահեմ», - ասաց Գուրգեն Աղայանը:

Չորս երեխաների հայրը լսել է կառավարության որոշման մասին, դիմել, սակայն պատասխանել են, որ ծրագրից օգտվելու համար շահառուն ժամկետանց վարկային պարտավորություններ չպետք է ունենա։ Բացի այդ ընտանիքը պետք է նաև սեփականության իրավունքով հողատարածք ունենա, որի վրա կկառուցի տունը։ Բազմազավակ ընտանիքն այդ հողատարածքը չունի։

Գուրգեն Աղայանն ասում է՝ եթե իրենց ունեցած միակ կովն էլ ծախի, հող չի կարողանա գնել։ Գյուղում աշխատատեղ չկա, այս ընտանիքի եկամտի միակ աղբյուրը 48 հազար դրամ նպաստն է, որով պետք է 4 երեխաներին դպրոց ուղարկեն, հոգան ընտանիքի սննդի և կոմունալ ծախսերը։

«Դե առաջան 500, մեկ էլ ասալ են 800 հազար։ Դե ես չորս էրեխաս պահե՞մ, թե՞ էդքան փող ես շտեղան ճարեմ», - նշեց Քարաշենի բնակիչը:

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ նույն Քարաշեն գյուղում իմացավ, որ գյուղացիներից մեկն այդ ծրագրով արդեն սկսել է տան շինարարությունը։ Սակայն գյուղացին վարչապետին ասաց, որ վարկի դիմաց բանկն իրենից գրավ է պահանջել, առաջարկեց վերացնել գրավի պահանջը, քանի որ երիտասարդ ընտանիքներից շատերը չունեն այլ անշարժ գույք և ծրագրից օգտվել չեն կարողանում. - «Ես մենակ մի բան կխնդրեի։ Կան ջահելներ, որոնք չունեն երկրորդ գրավը դնելու»:

Գործադիրի ղեկավարը զարմացավ, թե ինչո՞ւ են բանկերը գրավ պահանջում, եթե կառավարությունը երաշխավորում և վճարում է 16 միլիոնը։

27-ամյա Թելման Առուստամյանը ևս դիմել է ծրագրից օգտվելու համար ու բանկը նրանից էլ է գրավ պահանջել։ Սահմանամերձ Քարահունջի բնակիչը տարակուսում է, եթե ինքն ունենար բանկի պահանջած անշարժ գույքը, ինչո՞ւ պետք է դիմեր նորը կառուցելու համար։

«Թղթեր էին ուզում, պրոյեկտ, շինթույլտվություն։ Լրիվ կազմել ենք։ Հիմա մեզանից ուզում են… կոնկրետ ինձնից անշարժ գույք՝ գրավ դնելու համար։ Հիմա ես իրենց ասում եմ, եթե ինձ լինի էդ նույն տունը, էլ ինչի՞ս ա պետք, նոր տուն կառուցելու համար», - ասաց Առստամյանը:

Սյունիքյան այցից օրեր անց կառավարության նիստում Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ երկրորդ գրավի պահանջը հանվել է. - «Նախորդ կանոնակարգերով, ըստ էության, ռիսկը, որ եթե մարդը գումարը վերցնում էր հիփոթեքով և նպատակային չէր ծախսում, այսինքն վերցնում էր տուն կառուցելու համար, բայց անում էր այլ բան կամ մարդը, օրինակ, մահանում էր։ Էդ ռիսկը մնում էր վարկատուի վրա, էդ պայմաններում բանկերը որոշել էին որոշակի դեպքերում ուզել երկրորդ գրավ։ Հիմա մենք, կառավարության որոշմամբ՝ հուլիսի 27-ի, որոշում կայացրեցինք, որ էդ ռիսկը կառավարությունը վերցնում է իր վրա, նպատակային օգտագործման, էդ պարագայում բանկերը երկրորդ գրավը հանում են»:

Ինչո՞ւ նախապես այդ ռիսկերը հաշվի չէին առել։ Հստակ չէ նաև, թե ի՞նչ է լինելու արդեն գրավի դիմաց վերցված վարկերի հետ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները օրերս Գորիսում ծրագրով հետաքրքրված մի խումբ անձանց հետ հանդիպեցին։ Պաշտոնյաները վստահեցրին, որ ծրագրից օգտվել ցանկացողների համար մշակվել է պարզեցված ընթացակարգ, վերացրել են ավելորդ փաստաթղթային քաշքշուկները։

Կառավարության որոշման շրջանակներում այժմ արդեն 6 տասնյակին հասնող դիմում կա, որի մեծ մասը հաստատվել է, թեև նույն այդ որոշման համաձայն՝ նախատեսվում էր մինչև այս տարվա ավարտը աջակցություն տրամադրել մոտ 640 շահառուի, իսկ արդեն ծրագրի ավարտին՝ այսինքն 2024 թվականի վերջին, շահառուների թիվը պետք է հասնի 1200-ի։

Ինչո՞ւ կառավարությունը հնարավորություն չի տալիս տրամադրվող վարկի շրջանակներում հողակտոր ձեռք բերել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն ասում է, որ շահառու ընտանիքն իր մասնակցությունը հողակտոր ձեռքբերելով պետք է ունենա։

«Ծրագիրը հաստատելուց առաջ ուսումնասիրություններ են արվել՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական ներդրում է պահանջում սահմանամերձ գյուղական բնակավայրերում հող կամ կիսակառույց ձեռք բերելը, և եթե հարցին նայում ենք այն կողմից, որ պետությունը 16 միլիոն դրամ տալիս է տունը կառուցելու համար, հողը ձեռք բերելու համար փոքրիկ գումար է պահանջվում, և ընտանիքը իր մասնակցությունը հենց հողի ձեռքբերման տեսքով պետք է ունենա», - նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող Գայանե Ղարագյոզյանը:

Արդյո՞ք հասանելի է կառավարության մշակած ծրագիրը բնակարան չունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Քարաշենում բնակվող Աղայանների բազմազավակ ընտանիքը դեռևս պլաններ է մշակում. եթե կարողանան ստանալ վարկը, ընտանիքի փոքրերն անգամ կօգնեն տան շինարարության գործում. մեկը քարը կտանի, մյուսը կօգնի ջուրը բերել։

«Մարդ կարանք ճարենք, օգնեն սարքեն։ Տա արդեն ամալ ա գալու։ Կարևորը էդ նախագիծն ա, եթե ստացվի», - ընդգծեց գուրգեն Աղայանը:։

Քարաշենի բնակիչն ասում է՝ տնամերձ հողակտորը կմշակեն, գուցե կարողանան անասունների թիվը շատացնել։ Բայց այս ամենը դեռևս երազանք է ընտանիքի հոր համար։ Հիմա պետք է եղանակների ցրտելուն ընդառաջ վթարային սենյակի պատուհանների հարցը լուծի. - «Ամսեկան 2-3 հետ ցելոֆոն ենք առնում, քամի ա անում, ճղում սենց։ Պիտի հիլի վերցնենք, որ քցենք, էրեխեքը չմրսեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG