Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը իրականության հետ որևէ առնչություն չունի. ԼՂ ՊԲ


Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը որակելով ստահոդ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մասնավորապես հայտարարել է, թե ՊԲ ստորաբաժանումները խափանել են 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

Ընդգծելով, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն, ԼՂ ՊԲ-ն նշում է, որ հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում Արցախի օդային սահմանները. - «Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ»։

«Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար: Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG