Մատչելիության հղումներ

800 հազար դոլարանոց ծախս ճահճի վրա


Շոգ չէ՞, Մեղրիի հիմնովին նորոգված մանկապարտեզ մտնելով հարցրեց վարչապետ Փաշինյանը, երբ նախորդ շաբաթվա վերջին Սյունիք էր այցելել։ Այո՛, ներսում երբեմն 37 աստիճան տաք է լինում, հաստատեց մանկապարտեզի տնօրենը։

Տեղում որոշվեց հովացման համակարգ ներդնել, հետո վարչապետը մանկապարտեզի շրջայցը շարունակեց սիրուն կահավորված խմբասենյակներում, խոհանոցում, վարչական հատվածում, ի վերջո իջան սպորտդահլիճ։


Մանկապարտեզի առաջին հարկը խոնավության մեջ է, Մեղրիի համայնքապետը տեղում բացատրեց՝ շենքի տակ ճահճային տարածք է, վարչապետի առաջարկը չուշացավ. - «Իսկ կարո՞ղ ա մի հատ նոր մանկապարտեզի շենք սարքենք»։

Այստեղ Սյունիքի մարզպետը, մանկապարտեզի տնօրենը մի քիչ անհանգստացան՝ միայն թե սա գործի մինչև նորի կառուցումը։

«Մեզ համար անակնկալ էր, անկեղծ ասած՝ մենք շոկի մեջ էինք, նայում եմ քաղաքապետին՝ էս ինչի՞ մասին ենք խոսում, այսինքն՝ այսքան չարչարվեցինք, հիմա նորից մանկապարտե՞զ, նորից տեղափոխությո՞ւն։ Ինձ թվում է՝ վարչապետին պարզապես տեղեկացրել են, ասել են երկար կյանք չի ունենալու», - ասում է Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը։


Ընդամենը 5 ամիս առաջ էր՝ մեծ շուքով, ժպիտներով ու երգով վերաբացվեց Մեղրիի մանկապարտեզը ավելի քան 800 հազար դոլար արժեցած նորոգումից հետո։ Բացման հանդիսությանը վարչապետի տիկինն ու դուստրն էին մասնակցում, շենքը նորոգվել է կառավարության ու «Իմ քայլը» հիմնադրամի փողով։ Ու հիմա պարզվում է՝ այդ ամենը ճահճի վրա։

Մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանն ասում է՝ 80-ականներին կառուցված շենք է, երբ շինարարությունն սկսվեց, մասնագետներ եկան, գրունտից նմուշառումներ վերցրին. - «Թե ոնց որոշեցին, որ պետք է հիմնանորոգեն, չեմ կարող ասել, մասնագետներն են այդպես որոշել, բայց շենքը խոնավ է մշտապես։ Այս պահի դրությամբ այդ խոնավությունն ամենացայտունն է առաջին հարկերում»։

Հարևանությամբ առու կա, ենթադրում է՝ խոնավության աղբյուրն այդտեղ է. 800 հազար դոլար ծախսելուց առաջ խոնավությունը չի՞ երևացել։

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանն ասում է՝ մանկապարտեզը նորոգելու որոշումն իր պաշտոնն ստանձնելուց առաջ է եղել, ինքը միանգամից նոր մանկապարտեզի կառուցմանը կողմ կլիներ. - «Իմ ընտրվելուց հետո՝ 2021 թվականին, երբ որ ես սկսեցի ծանոթանալ այս ամբողջ գործընթացին ու տեսա՝ ինչ գումարներ են ծախսվել Մեղրիի մանկապարտեզի վրա, ու ինչ արդյունք ենք ստանալու, ես միանգամից առաջարկել եմ արագ ձևով նոր տարածք տրամադրվի, հարցը շտապ դրվի կառավարության նիստին, առաջարկել եմ մարզպետին, որ այդ հարցը բարձրացնի»։

Ըստ Զաքարյանի՝ ինքը վարչապետի հետ համայնքնապետերի հետ հանդիպման ժամանակ էլ է ասել, որ մանկապարտեզի շենքը ջրի վրա է, այսինքն՝ վարչապետը, կառավարությունում գիտեի՞ն, որ թանկարժեք նորոգումը ջրի վրա է։

«Պետք է, որ տեղեկացված լինեին», - ասաց նա։

Մեղրիի համայնքապետն ինքը այդ նորոգումը չէր անի, բայց չի կասկածում՝ վարչապետ Փաշինյանի որոշումը ճիշտ է. - «Որ այդ շենքի վերանորոգման աշխատանքները ավարտվեն, որովհետև գիտակցաբար են մոտիկացել այդ հարցին։ Դա Մեղրիի միակ մանկապարտեզն է»։

4 տարուց ավելի Մեղրիի փոքրիկները առանց մանկապարտեզի էին, շինարարությունն անընդհատ ձգձգվում էր, նախագիծ էր փոխվում, շինարարներն էին թերանում, այնքան, որ նախորդ տարվա ամռանը կառավարության նիստում Փաշինյանն էլ բարկացավ. 18 թվին Մեղրիում խոստում է տվել, շինաշխատանքը ֆինանսավորվել է, իսկ գործը չի արվել, մարզպետին ու փոխվարչապետին էր դիմել, որ օր առաջ մանկապարտեզը շահագործման հանձնվի։

Մեղրիի մանկապարտեզի երկարատև շինարարության դեպքով քրեական գործ կա։ Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նախաքննության ակտիվ փուլում են, փորձաքննություններ են նշանակվել, տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակը։ Իսկ այն, որ հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվել ու նորոգվել մանկապարտեզ, որը ժամանակավոր է ծառայելու համայնքի երեխաներին, ու որ շինարարության ընթացքում բոլորը՝ կառավարությունից մինչև մարզպետ ու համայնքապետ, իմացել են, որ շենքի տակ ճահիճ է, այստեղ համայնքապետը խնդիր չի տեսնում. - «Այսօր Մեղրի համայնքն ունի մանկապարտեզ, ու երեխաները հաճախում են մանկապարտեզ, թեկուզ մի փոքր խոնավ պատերով, դա շատ կարևոր է Մեղրի համայնքի համար»։


Մեղրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արարատ Թումանյանը մանկապարտեզի նոր շենքի կառուցման մասին մեզնից «Ազատությունից» լսեց ու անմիջապես ողջունեց որոշումը. - «Եթե վարչապետն է ասել, բնականաբար դրա ուսումանսիրությունն է արդեն խորքային արվել մասնագետների կողմից, այսինքն՝ այնտեղ գեոդեզիայից սկսած մինչև ընդերքի խտությունը նմուշառումներ կատարվել են»։

Կարծում է՝ հին շենքի նորոգման ժամանակ խոնավություն չի եղել, բայց ասում է՝ «ընդերքը, ջրերի հոսքերը փոփոխական են, և եթե վարչապետն ասել է, ուրեմն նոր շենք է պետք», և ընդհանրապես, ըստ ավագանու անդամի՝ ոչ թե մեկ, այլ մանկապարտեզի մի քանի շենքներ են պետք, որովհետև, Մեղրիում, ասում է, բնակչությունն ավելանում է, աշխատատեղերը՝ նույնպես։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG