Բելգիայի արտգործնախարարը տարածաշրջան այցի շրջանակում այսօր կժամանի Ադրբեջան։
Ավանդաբար Ադրբեջանի նախագահն ընդունում է երկիր այցելող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մինչդեռ APA գործակալությանը հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման և Հայաստանում արած անհիմն հայտարարությունների պատճառով»։
«Հաջա Լաբիբը Հայաստան այցի ժամանակ հնչեցրել է հայանպաստ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից և չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին», - APA-ին ասել է աղբյուրը, որը գործակալությունը չի հրապարակում:
Բելգիայի արտգործնախարարը Երևանում երկու օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, մասնավորապես, որ Ադրբեջանի պարտավորությունն է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և սահմանափակումը սովի սպառնալիք է ստեղծում։ Հաջա Լաբիբը խոստացել էր Երևանում հայտնած դիրքորոշումներն այս շաբաթ Բաքվում էլ կրկնել։