Մատչելիության հղումներ

«Ահռելի է տարբերությունը մայրաքաղաքի ու փոքր համայնքների միջև». Վանաձորի եռօրյա երիտասարդական ծրագրի մասնակիցներ


Մայրաքաղաքից դուրս բնակվող երիտասարդներն ահռելի տարբերություն են տեսնում Երևանի ու փոքր համայնքների միջև։ Անգամ մայրաքաղաքին շատ մոտ Արտաշատում բնակվող 18-ամյա Արտակ Խաչատրյանն ասում է՝ մարդկանց մտածելակերպից ու տրամադրությունից մինչև աշխատանք գտնելու հնարավորություններ՝ անհամեմատելի են։

«Մոտ ենք Երևանին, բայց ընդհանրապես տարբերվում ենք Երևանից մտածելակերպով, պահվածքով: Գնում ես Երևան, մարդիկ ժպտում են դեմքիդ, ուրախանում են, նույնիսկ անծանոթ մարդիկ, երբ որ քեզ տեսնում են, ուղղակի ժպտում են, իսկ Արտաշատում բոլորը չգիտես ինչի միշտ տխուր-տրտում վիճակում են», - ասաց Արտակ Խաչատրյանը:

Արտակը ծրագրավորում է սովորում, միաժամանակ աշխատում է Արտաշատում։ Բայց ասում է՝ ստիպված է շատերի նման ինքն էլ նույն աշխատանքը Երևանում փնտրել։ Աշխատավարձն այստեղ մի քանի անգամ ցածր է. - «Հիմա աշխատում եմ Արտաշատում, ցավոք սրտի, ցածր աշխատավարձով, մոտավորապես մի ամսից ստիպված եմ տեղափոխվել Երևանում աշխատելու: Հիմա սպասարկման ոլորտում եմ աշխատում, բայց նույն ոճի կենտրոններում, որտեղ կարամ ես Երևանում աշխատեմ, աշխատավարձը տարբերվում է մոտ 2-3 անգամ»:

Քրիստինե Կիրակոսյանը Մասիսից է։ Ակտիվ երիտասարդների խումբ են հավաքել իրենց փոքրիկ քաղաքում։ Ասում է՝ մեծ ջանք են գործադրում մեծամասշտաբ միջոցառումները մայրաքաղաքից այլ համայնքներ տեղափոխելու համար։ Երբեմն հաջողվում է, բայց դեռ համաչափ զարգացման մասին խոսք գնալ չի կարող։

«Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում ու թերևս հիմա փորձում ենք այդ ամենը տանել դեպի մարզեր, մարզի երիտասարդներին ակտիվացնել և այլն, սակայն քանի որ խոշոր մարմինները, ովքեր կանգնում են այդ ամենի կազմակերպման գլխավերևում, ձգտում են այդ ամենը գեներացնել Երևանում՝ ինչ-ինչ պայմաններից ելնելով», - ներկայացրեց Քրիստինե Կիրակոսյանը:

Աշխեն Պետրոսյանը միջազգայնագետ է՝ Երևանից։ Միջոցառման կազմակերպիչներից մեկն է։ Վստահաբար ասաց՝ համայնքների մեծ մասում կան ակտիվ երիտասարդների խմբեր, որոնք պատրաստ են փոփոխություն բերել իրենց բնակավայրերում. - «Կարծում եմ, որ հենց մարզերը մեծ ներուժ ունեն, այսպես ասած, Երևանից ավելի լավը լինելու նույնիսկ, ու հիմա մենք ամեն ջանք գործի ենք դնում, որպեսզի ավելի շատ ոգևորենք ու մոտիվացնենք մարզերում բնակվողներին, որպեսզի նրանցից շատերը ստիպված չլինեն մարզից վեր կենալ ու գալ Երևան»:

Մարիամ Տոնոյանը Կոտայքի մարզից է։ Ինքն էլ իրենց մարզում է փորձում համախմբել երիտասարդներին։

«Իրականում ավելի շատ ասում են՝ պե՞տք են էդ ծրագրերը քեզ, բայց հետո, որ հաջողակ պատմությունը տեսնում են, այսինքն, տեսնում են, որ որոշակի առումով դու գնացիր, զարգացար ու ինչ-որ լավ բան ես բերում, դրանից հետո իրենք արդեն ուզում են էդ հաջողակ իրենց արդյունքը տարածել ու իրենք էլ դառնան այդ հաջողակ արդյունքի ինչ-որ մաս», -նշեց Մարիամը:

Սահմանամերձ Վարդենիկ գյուղից Մարիամ Փանոյանն ու Մարիամ Հովհաննիսյանը, որ նույնպես Վանաձոր էին երեկ եռօրյա երիտասարդական ծրագրին մասնակցելու, ասացին՝ պատերազմից հետո կյանքն ասես կանգ էր առել գյուղում, դադարել էին բոլոր նախաձեռնությունները։

«Երեխաները պատերազմից հետո, թե պատերազմի ընթացքում շատ ծանր էին տանում, դրանից հետո նրանք չուզեցին կամավորություններ անել, միջոցառումներ կազմակերպել, միջոցառումներ անել, կարծես կյանքը կանգ առած լիներ մեր գյուղում», - ասացին նրանք՝ նշելով հիմա քիչ-քիչ վերականգնվում են, ջահելները դարձյալ ակտիվացել են:

Տարիներ շարունակ տարբեր կառավարություններ խոսել են երկրի համաչափ զարգացման մասին, ծրագրեր կազմել ու թվեր հրապարակել։ Ինչո՞ւ դեռ չենք հասնում ցանկալի արդյունքի, երբ Երևանում Կոտայքում ու սահմանամերձ Սյունիքում հավասար պայմաններ կունենանք ու խաղի միևնույն կանոններով հնարավոր կլինի աշխատանք գտնել։ «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը, որ Վանաձորում եռօրյա երիտասարդական ծրագրի փորձագետներից մեկն էր, ասում է՝ դեռ բազմաթիվ հարցեր Հայաստանում անպատասխան են՝ «գիտենք, բոլորը խոսում են համայնքների համաչափ զարգացման մասին, բայց թե ինչպես՝ դեռ պատասխան չունենք»։

«Մենք հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ Սյունիքի մարզում շատ հզոր, ուժեղ քաղաք է պետք, որպեսզի մեր անվտանգային խնդիրները կարողանանք լուծել, բայց դրա ուղղությամբ ինչ է պետք անել, ոչ ոք չի պատկերացնում, որովհետև եթե այնտեղ ուղղակի շենքեր սարքենք, դրանից մարդիկ չեն գնա այնտեղ ապրելու: Աշխարհում կան բազմաթիվ ուրվական քաղաքներ, երբ որ քաղաքը կառուցում են, ոչ ոք չի գնում այնտեղ ապրելու: Մի կարևոր սկզբունք կա, որտեղ կա փող, որտեղ կա հնարավորություն, մարդիկ գնում են այնտեղ», - ասաց Գոգյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից մոտ 400 երիտասարդների էր հավաքել Վանաձորում։ Աշխատարաններով, վարպետաց դասերով, մրցաշարերով ու ինտելեկտուալ խաղերով, պանելային քննարկումներով երիտասարդները տվեցին իրենց ձևակերպումները՝ ինչո՞ւ մարզերում կյանքը չի զարգանում այնքան արագ, որքան Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG