Մատչելիության հղումներ

Ադրբեջանական թիրախավորման պատճառով Արցախում դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները. Միրզոյան


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի և Լյուքսեմբուրգի ԱԳՆ Ժան Ասելբորնի հետ:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն պայմաններին, սննդի և դեղորայքի սուր պակասին:

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից թիրախավորման պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, հայտնում են ԱԳՆ-ից։

Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը:

Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետորեն օգտագործելու կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Արարատ Միրզոյանն նշել է, որ Արցախի 120 հազար ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում, նշված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG