Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահն Ադրբեջան այցի շրջանակում կլինի նաև Ֆիզուլիում ու Շուշիում


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Արդեն իսկ կայացել է Միրզիյոևի և Ալիևի դեմառդեմ հանդիպումը, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայված կազմով։

Ինչպես նշված է Ուզբեկստանի նախագահի կայքէջում՝ Բաքվում բարձր մակարդակով և ընդլայնված կազմով նիստերից հետո Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները միասին կայցելեն Շուշի և Ֆիզուլի։ Ֆիզուլիում Միրզիյոևը ներկա կլինի նաև Ուզբեկստանի կողմից կառուցված դպրոցի բացմանը, այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանը։

Այս տարվա մարտին Ուզբեկստանի նախագահը ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուզբեկստանի կառավարությունը որպես Ադրբեջանին նվեր Ֆիզուլիում դպրոց է կառուցում մոտ հազար աշակերտի համար, և որ ինքը մտադիր է անձամբ ներկա լինել դպրոցի բացման արարողությանը։

Միրզիյոևը օտարերկրյա երկրորդ առաջնորդն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից հետո, ով այցելում է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ։

Ուշագրավ է, որ սա Միրզիյոևի առաջին օտարերկրյա պետական այցն է հուլիսին Ուզբեկստանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո։

Ուզբեկստանի նախագահին և իր տիկնոջը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը, ապա տեղի է ունեցել պաշտոնական ընդունելության արարողությունն արդեն Ալիևի և նրա կնոջ մասնակցությամբ։

Այսօր երկու երկրները նաև էներգետիկ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել առաջիկա երկու տարիների համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը` X (Թվիթերում) արած գրառմամբ։ Ճանապարհային քարտեզը 14 ուղղություն է ներառում և նախատեսում է համագործակցություն ածխաջրածնային պաշարների երկրաբանական հետախուզման և արդյունահանման ոլորտում, ինչպես նաև համատեղ ընկերությունների ստեղծում երկու երկրում էլ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած ամռանն էր այցելել Ուզբեկստան, Տաշքենդում մասնակցում էր Հեյդար Ալիևի անունը կրող հրապարակի բացմանը։ Այդ ժամանակ երկու երկրները ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր ստորագրեցին՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

XS
SM
MD
LG