Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովը դատապարտել է Պեկինի վարքագիծը Հարավչինական ծովում


Մերիլենդ նահանգում ԱՄՆ-ի նախագահի Քեմփ Դեյվիդ նստավայրում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի գագաթնաժողովը։ Նրանք հայտարարեցին տնտեսական ու անվտանգության կապերն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու մտադրությունների մասին։

«Այսօր մենք պատմություն ենք կերտում՝ անցկացնելով մեր երեք երկրների առաջնորդների առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև պարտավորվելով յուրաքանչյուր տարի հանդիպել առաջնորդների մակարդակով», - համատեղ ասուլիսում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

Գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը վերաբերում էր Հարավչինական ծովում Պեկինի ապօրինի պահանջներին։ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները վտանգավոր և ագրեսիվ են համարել Չինաստանի վարքագիծը։

Ճապոնայի վարչապետ Կիշիդան, առանց տալու Չինաստանի անունը, ասել է․ - «Արևելաչինական ու Հարավչինական ծովերում ուժի միջոցով ստատուս քվոն միակողմանի փոխելու փորձերը շարունակվում են, և նման պայմաններում Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքները միայն ուժգնանում են»։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, ուր նշված է․ - «Մենք լի ենք վճռականությամբ՝ պաշտպանելու տարածաշրջանային անվտանգությունը, ամրապնդելու փոխգործակցությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և աջակցելու ընդհանուր բարգավաճմանը։ Հիշեցնելով մեր երկրներից յուրաքանչյուրի հրապարակայնորեն հայտնած դիրքորոշումը Չինաստանի կողմից Հարավչինական ծովում ապօրինի պնդումների վտանգավոր ու ագրեսիվ վարքագծի մասին՝ մենք կտրականապես դեմ ենք Հնդկական-Խաղաղօվկիանոսյան ջրերում ստատուս քվոյի փոփոխության ցանկացած միակողմանի փորձին»։

Նրանք նաև մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի կիբեր ակտիվության և բալիստիկ հրթիռների ծրագրերի առնչությամբ ու դատապարտել բալիստիկ հրթիռների աննախադեպ քանակի արձակումները։

Միաժամանակ, նրանք վերահաստատել են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պահանջը՝ ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, և Փհենյանին կոչ արել հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրերից։ ՄԱԿ-ի բոլոր անդամներին ևս կոչ է արվել ամբողջությամբ կատարել Անվտանգության խորհրդի բանաձևերը։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդները նաև վերահաստատել են Ռուսաստանի չհրահրված ու դաժան ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG