Մատչելիության հղումներ

Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու փորձն ավարտվել է ձերբակալությամբ


Երևանի Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու փորձի ժամանակ ոստիկանները ձերբակալել են «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր խորհրդի նախկին անդամ Սուրեն Սահակյանին ու ևս երկու քաղաքացու՝ նրանց տեղափոխելով ոստիկանական բաժանմունք։

«Քննարկման ավարտին որոշել էինք, որ վրան ենք տեղադրելու և մի շաբաթ շարունակական զրույցներ, քննարկումներ ենք ունենալու քաղաքացիների հետ՝ ձևավորելու ոչ թե մեծ շարժում, այլ ձևավորելու այն նախաձեռնող խումբը՝ մի շաբաթում էդքանն էր հնարավոր, որը կվերջնականացնի օրակարգը, շարժման ճանապարհներն ու քայլերը։ Վրան տեղադրելու փորձի ժամանակ ոստիկաններն ասեցին, որ դա չի կարելի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր խորհրդի նախկին անդամ Սուրեն Սահակյանը, ով ոստիկանների գործողությունն անօրինական որակեց, ասաց, թե իրենք օրենք չեն խախտել, պարզապես փորձել են վրան տեղադրել այգում՝ քաղաքացիների հետ երկրի մարտահրավերների վերաբերյալ շարունակական քննարկումներ անցկացնելու համար։

«Ոստիկանությունում մեկը գրել էր, որ չթույլատրված վայրում վրան ենք տեղադրել։ Իրականում ոչ մի տեղ գրած չի՝ որտեղ է թույլատրելի, որտեղ՝ չէ։ Հակառակը, երբ ոստիկանությունը նախկինում գործողություններ էր իրականացրել վրան տեղադրել թույլ չտալու համար և՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և՛ դատարանում երկու վարույթ է եղել, որ ոստիկանության գործողությունները որակվել են ոչ իրավաչափ», - նշեց ՔՈ կուսակցության գործադիր խորհրդի նախկին անդամy.

Քաղաքացիական տարբեր շարժումների մասնակից Սահակյանը ոստիկանների երեկվա գործողությունները համեմատում է բռնապետական երկրների ոստիկանների վարքագծի հետ: Կարծում է՝ դա նաև ոստիկանական համակարգում բարեփոխումների բացակայության հետևանք է։ Ոստիկանները Սահակյանին ու մյուս երկու քաղաքացուն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով են բաժանմունք տեղափոխել։

«Էդ որ վրանը չի կարելի տեղադրել, դա հատուկ է ավտորիտար ռեժիմներին, որովհետև նման օջախները իրանք թույլ չեն տալիս, և ես չէի բնորոշի Հայաստանը որպես ավտորիտարիզմ, կարծում եմ, որ դրան գնում է, բայց դեռ չի հասել դրան։ Բայց ոստիկանության մեջ էդ հին բարքերը դեռ մնացել են, հին ձևերը աշխատելու, հին պրակտիկան դեռ մնացել է», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Սահակյանը։

Եվ հենց նաև դա է պատճառն ու բազմաթիվ այլ խնդիրներ, որ մի շարք քաղաքացիների հետ հավաքվել ու քննարկում են՝ ինչ անելիքներ ունի Հայաստան պետությունը առկա մարտահրավերների, սպառնալիքների պայմաններում։

«Նախաձեռնություն է դեռ։ Նպատակ ունի հստակեցնել քաղաքացիների դիրքորոշումները՝ երկրի հանդեպ ծառացած մարտահրավերների վերաբերյալ, թե ինչպես ենք տեսնում մեր երկրի քաղաքական ապագան, ինչպես ենք տեսնում մեր ճակատագիրը և փորձենք խոսել մարդկանց հետ, զրուցել և փորձել համոզել, որ հենց տենց է, ոնց մենք կարծում ենք, պատկերացնում ենք»։

Նախաձեռնությունն արդյո՞ք իշխանափոխության պահանջ է ներկայացնում, հետաքրքրվեցինք Սահակյանից։

«Կառավարող ուժի հետ ենք բանավեճ սկսելու, իրենց քաղաքականությունը և մեր քաղաքականությունը, եթե դրանց մեջ ընդհանուր գծեր չլինեն, իհարկե պետք է այդ կառավարությունը հեռանա, որը որ թույլ չի տալիս մեր պատկերացրած քաղաքականությունը իրականացնել, դա բնական պրոցես է։ Կա երկու քաղաքականություն՝ մեկը վարվողն է, մեկը՝ առաջարկվողը։ էս քաղաքացիները, որոնք առաջարկվողի կողմնակից են, պետք է սթափ գնահատեն՝ հնարավո՞ր է այս վարչակազմը իրականացնի իրենց պատկերացրած քաղաքականությունը։ Հլը մի կողմ, որ վարչակազմը ասի՝ ես համաձայն եմ, կիրականացնեմ, նրանք էլ գնահատեն՝ հնարավոր է դա, թե չէ։ Իսկ եթե հնարավոր չեն համարում, ապա այդ վարչակազմը փոխվում է», - պատասխանեց նա։

Ակտիվիստը շեշտեց՝ որևէ քաղաքական ուժ ներգրավված չէ իրենց նախաձեռնության մեջ, միայն Հայաստանի ու Արցախի հարցով մտահոգված քաղաքացիներ են։ Նախաձեռնության անդամներն այսօր ևս հավաքվելու են Մաշտոցի պուրակում իրենց քննարկումը շարունակելու, այսօր էլ փորձելու են վրան տեղադրել։ Սահակյանը, թեև պնդում է՝ օրենք չեն խախտում, միևնույն ժամանակ համոզված է՝ ոստիկաններն էլի նույն կերպ են արձագանքելու՝ իրենց բաժին են տեղափոխելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG