Մատչելիության հղումներ

Երեք տարվա քննությունից հետո դատախազությունը եզրահանգել է՝ «ՁորաՀԷԿ»-ի գործով Օհանյանը մեղավոր չէ


Երեք տարի շարունակված քննությունից հետո դատախազությունը դադարեցրել է «ՁորաՀԷԿ»-ի գործով առանցքային մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քրեական հետապնդումն ու եզրահանգել՝ Օհանյանը հանցագործություն չի արել։ Մյուս 4 մեղադրյալների մասով քննությունը, սակայն, շարունակվում է։

Ներկայիս ընդդիմադիր պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց՝ իր անմեղության մասին դեռ տարիներ առաջ էր խոսում, երկու տարի առաջ էլ մերժել էր վաղեմության ժամկետով գործը կարճելու՝ իրավապահների առաջարկն ու պնդել՝ թող քննեն։

«Քննիչը գործը հարուցել, ուղարկել է դատախազություն, դատախազությունը հետ է ուղարկել, և այսքան երկար ժամանակ այդ գործը գտնվում էր, կարելի է ասել, օդի մեջ», - ասաց նա։

Դատախազությունը եզրահանգել է, որ ապացույցները բավարար չեն պնդելու, որ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր է տարիներ առաջ «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործում, փոխանցեց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Սեյրան Օհանյանին մեղադրում էին ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու համար։ Ըստ իրավապահների` 2010 -ին Օհանյանի գլխավորությամբ պաշտպանական գերատեսչությունը նախագիծ էր մշակել, որով, ի վերջո, նախարարության կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ընկերությունը մոտ 7.5 միլիոն դոլարով վաճառվել էր՝ առանց գույքի պարտադիր գնահատման։ Ըստ իրավապահների՝ հիդրոէլեկտրակայանն իրացվել է իրական արժեքից մոտ 3 միլիոն դոլար պակաս գումարով։

Օհանյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ նախարարությանը պատկանող գույքի օտարման ողջ գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։ Նախկին նախարարը, որը ստորագրել է գույքի վաճառքի գործարքը, մեղադրանքի սլաքներն ուղղել էր Էներգետիկայի նախարարությանը, որն այն ժամանակ ղեկավարում էր Արմեն Մովսիսյանը։ Տարիներ առաջ մահացած Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել մահվան պատճառով։

Հիմա դատախազներն ընդունում են, որ պաշտպանության նախկին նախարարն այդ գործարքի հետ կապ չի ունեցել, պնդում է փաստաբանը։

«Պարոն Օհանյանի միջամտությունն այդտեղ չկա։ Պարոն Օհանյանը միայն կառավարության որոշման հիման վրա գործողություն է կատարել ինչ-որ, համենայն դեպս պայմանագիրը նախարարությունում չի կազմվել, և մնացած այն, ինչում որ մեղադրվում է պարոն Օհանյանը, նա չի արել», - ասաց նա։

Տարիներ առաջ, սակայն, գործը քննող քննիչ Բորյա Չիլինգարյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ունեն ծանրակշիռ ապացույցներ ոչ միայն Օհանյանի, այլև մյուս 4 մեղադրյալների դեմ։ «Հիմնավոր և բավարար են Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և անդամներ Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար», - նշել էր նա:

«ՁորաՀԷԿ»-ի օտարման մասին առաջին անգամ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը հեղափոխությունից հետո՝ տալով մեկ անուն։

«Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություն անել, որը նախաքննության առումով զուտ խնդիրներ կառաջացնի, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը», - ասել էր վարչապետը։

Սակայն, անցած երեք տարվա քննության արդյունքում վարչապետի մատնանշած կնոջ մասին իրավապահները այդպես էլ որևէ հայտարարություն չարեցին։ Պարզ չդարձավ, թե ով է այդ կինը, և ինչու նա մինչև օրս մեղադրյալ չէ։ Այս գործով մեղադրյալ չէ նաև վարչապետի մատնանշած նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Ինչու՝ իրավապահները կրկին չեն պարզաբանում։

Դատախազությունը հաղորդում է միայն, որ «ՁորաՀԷԿ»-ի գործով քննությունը շարունակվում է 4 մեղադրյալների մասով, նրանք պետական նախկին պաշտոնյաներ են՝ 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Նրանք մեղքը չեն ընդունում։

«Կա՛մ ապաշնորհ են, կա՛մ չեն ուզեցել»

Ավելի քան տասը տարվա վաղեմության այս գործարքի մասին տարիներ առաջ ահազանգել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն այսօր գոհ չէ ո՛չ քննությունից, ո՛չ էլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի անորոշ ճակատագրից։ Այն, որ ավելի քան եռամյա քննության ընթացքում այդպես էլ բացահայտված չէ այս գործարքի իրական մեղավորը, խոսում է անհամարժեք քննության մասին։

«Մենք ենք դրա մասին նաև ժամանակին հրապարակել, որ ակնհայտորեն այդտեղ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սեփականությունն է դե ֆակտո հանդիսացել, կամ այդ մարդն ուղղակի առնչություն է ունեցել դրա հետ։ Հիմա եթե չեն կարողացել, ուրեմն կամ ապաշնորհ են, բացառիկ ապաշնորհ են, կամ չեն ուզեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Սաքունցը պնդում է՝ կարևորագույն այս օբյեկտի սեփականաշնորհման ողջ պատմությունը համակարգային կոռուպցիայի փայլուն օրինակ է, ու անկախ նրանից՝ վաղեմության ժամկետներն անցել են, ու մեղադրյալներն էլ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, միևնույն է, դա չի խանգարում կառավարությանը օրենքի ուժով այս և նման կարևոր օբյեկտները վերադարձնել պետությանը. - «Դրա սեփականաշնորհման համար որևէ ողջամիտ հիմնավորում չկար, այս փաստը պետք է հիմք ընդունել և վերացնել այդ սեփականաշնորհման ամբողջ գործընթացը»։

Իրավապահները դեռ երկու տարի առաջ էին հայտարարել, որ ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷԿ-ը երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներին օտարելուց 6 տարի անց վերավաճառվել է, և որ քննություն է տարվում պարզելու նաև այդ գործարքի օրինականությունը։ Թե ուր են հասել քննիչները, չեն մանրամասնում։

XS
SM
MD
LG