Մատչելիության հղումներ

Գերմանիայի լրագրողների ֆեդերացիան լրագրողներին հորդորում է չմեկնել Թուրքիա


Թուրքական ոստիկանությունը ճնշում է հանուն ազատությունների հերթական ցույցը, արխիվ
Թուրքական ոստիկանությունը ճնշում է հանուն ազատությունների հերթական ցույցը, արխիվ

Գերմանիայի լրագրողների ֆեդերացիան հորդորել է լրագրողներին Թուրքիա չմեկնել՝ ոչ գործուղման, ոչ էլ անձնական այցով․ հայտարարությունը հնչել է երեկ, երբ պարզ դարձավ, որ Թուքրիայի իշխանությունները ամսվա սկզբին մի քանի ժամով ձերբակալել են Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներից մեկին։ Թե ինչու՝ Անկարան այդպես էլ պաշտոնապես չի պարզաբանել։ Քաղաքական գործիչը, սակայն, կարծում է, որ պատճառը սոցիալական ցանցերի իր գրառումներն են, որտեղ նա քննադատել էր Ռեջեպ Էրդողանին՝ քրդերի ու մյուս փոքրամասնությունների դեմ կոշտ քաղաքականության համար։

Ինքը՝ ձախակողմյան Die Linke կուսակցության ներկայացուցիչ Գյոքայ Ակբուլութը, ծնվել է Թուրքիայում՝ քուրդ-ալևիների ընտանիքում, և օգոստոսի սկզբին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ հարազատներին տեսակցելու։ Թուրք սահմանապահները, սակայն, Անթալիայի օդանավակայանում նրան մի քանի ժամով ազատազրկել են՝ առանց մեղադրանք ներկայացնելու։ Բունդեսթագի արդեն վեց տարվա պատգամավորին չի օգնել անգամ դիվանագիտական անձնագիրը, նա ազատ էր արձակվել Գերմանիայի արտգործնախարարության ջանքերից հետո միայն։

«Դաշնային կառավարությունը միջամտել է ամենաբարձր մակարդակով, ջանքեր չխնայելով և ամենատարբեր խողովակներով՝ Ակբուլութի անհապաղ ազատ արձակմանը հասնելու համար»,-հայտարարել էր Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի բռնապետական վարչակազմը այլախոհներին դիտարկում է որպես պետության թշնամիներ և նրանց հալածելու առիթը բաց չի թողնում», - հայտարարել է Գերմանիայի լրագրողական միության ղեկավար Ֆրանկ Ուբերալը։ Իրավապաշտպանը հավելել է՝ փաստացի, անգամ պատգամավորական անձեռնմխելիությունը չի կաշկանդում Թուրքիայի իշխանություններին, ուստի լրագրողները պետք է է՛լ ավելի զգուշանան։ «Ցանկացած մեկը, որ երբևէ որևէ քննադատական խոսք է ասել Էրդողանի ու նրա իշխանության հասցեին, կարող է հայտնվել վտանգի մեջ», - հայտարարել է Գերմանիայի լրագրողների ֆեդերացիան։

40-ամյա պատգամավորը հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա իշխանության հասցեին կոշտ քննադատությամբ. Բունդեսթագի ամբիոնից նա մեկ անգամ չէ դատապարտել Անկարային՝ Թուրքիայի ներսում և դրսում քուրդ բնակչության դեմ դաժան պատերազմ վարելու, մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար։ «Ինձ հնարավոր չէ վախեցնել ձերբակալության օրդերներով», - ձերբակալությունից հետո գրել է Ակբուլութը սոցիալական ցանցերում՝ հավելելով. - «Հոկտեմբերին ես կրկին կայցելեմ Թուրքիա թուրք-գերմանական խորհդարանական պատվիրակության կազմում և երբեք չեմ դադարի իմ կարծիքը հստակ և ուղիղ արտահայտել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG