Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։
«Իլհամ Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի պես երկրի և միջազգային հանրությունը պարտավոր է կանխել դա», - Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիքի ֆոնին հայտարարում է քաղաքական ուժը։
Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանում վերջին շրջանում անկախ արհմիությունների մի խումբ ներկայացուցիչներ են ձերբակալվել առաքիչների տուգանումների դեմ իրենց բողոքի պատճառով։ Ձերբակալվածներին ադրբեջանցի իրավապահները մեղադրանք են ներկայացրել «թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և վաճառելու» հոդվածով։
Ադրբեջանական ընդդիմադիր ուժը պնդում է՝ ձերբակալված ակտիվիստների մեղադրանքները կեղծ են:
«Իլհամ Ալիևի ռեժիմը, որը հայտնի է իր կոշտ ավտորիտարիզմով և ռեպրեսիվ սովորություններով, մեծ սպառնալիք է համարում ցանկացած կազմակերպություն և բողոքի ցույց, որն իր վերահսկողությունից դուրս է», - հայտարարում է «Ժողովրդական ճակատը», որի մոտ մեկ տասնյակ ակտիվիստներ ևս գտնվում են ճաղերի ետևում։