Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել է, որ կիրակի օրը Սևանում ջրահեղձ է եղել Հայաստանում այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն:
Կիևը սգում է ուկրաինացի դիվանագետի մահը: Ուկրաինայի արտգործնախարարությունը տարածած հայտարարությունում ցավակցություն է հայտնել դիվանագետի ընտանիքին և հարազատներին:
Հայաստանի ոստիկանությունն այսօր առավոտյան հայտնեց, որ Սևանա լճում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները Հայաստանի իրավապահ կառույցներում, հաղորդեց, որ ջրահեղձ է եղել ուկրաինացի բարձրաստճիան դիվանագետը:
«Սևանում ջրահեղձ եղած քաղաքացին Ալեքսանդր Սենչենկոն է, նա Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է», - նշել էր ՏԱՍՍ-ի զրուցակիցը, ասելով, որ միջադեպի պատճառները պարզվում են։
Հայաստանի ոստիկանությունը իր էջում տարածած հաղորդագրությունում անուն չէր նշում, տեղեկացնելով, որ օգոստոսի 13-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա:
«Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. լճից դուրս է բերվել նրա դիակը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին», - նշված էր հաղորդագրությունում: