Մատչելիության հղումներ

Կարլեն պապը ավտոբուսները մեղվանոցի է վերածել ու նաև այլընտրանքային բուժման պայմաններ ստեղծել


«Երկու հատ մահճակալ ա տիրած, ներքևում 6 հատ մեղվափեթակներ են՝ սետկաներով, որպեսզի օդը տյուս կա ստեղ, իսկ եթե պետք ա լինում ավելի սուր, վինտիլյացիան միացնում ենք, էն կողմից կյամ ա ստեղ»․ մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանը ժամանակին Գորիս-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսները մեղվանոցի է վերածել, ուղեխցիկներում էլ հարմարություններ է ստեղծել, որտեղ մարդիկ կարող են այլընտրանքային բուժում ստանալ։

Ասում է՝ անուշահամ մեղրից բացի առողջարար է նաև մեղվի բզզոցն ու օդորակիչներով փեթակներից հանգստի սենյակ մղվող օդը։

«Ասթմայի, շնչուղիների բոլոր հիվանդություններին օգուտ է, որովհետև մեղուն ինքը էդ օդը որ արտադրում է, ինքը կատարում է ֆիլտրացիա, ֆիլտրացիայով մարդու թոքերը լրիվ բուժվում են, բզզոցը ուղեղդ լրիվ հանգստացնում ա», - ասում է մեղվաբույծը։

Գորիսեցի Ճաղարյանն օրական մի քանի զանգ է ստանում. մարդիկ ցանկանում են գալ և իրենց կարճատև հանգիստն այստեղ անցկացնել, սակայն կացարանը դեռ լիարժեք պատրաստ չէ, դեռևս շատ հյուրեր չի կարող ընդունել։

«Զգու՞մ չես տյու հոտը։ Ստե, որ պետք ա լինում, ստեից օդը փչում ա ըտեղ։ Ընդեղ վինտիլյացիա կա տիրած, ուղարկում ա ընդեղ, որպեսզի ընդեղի բուժվող մարդը բուժվի», - ներկայացնում է Ճաղարյանը։

75-ամյա մեղվաբույծը տարիքի հետ հասկացել է, որ մեղվափեթակների տեղափոխումը ժամանակի և ռեսուրսների կորուստ է, հետո նստել մտածել է՝ պետք է այնպես անել, որ մեղուները տարվա ընթացքում հնարավորինս շատ տարածքներից նեկտար բերեն ու տեղափոխման՝ տարիքի հետ կապված դժվար թվացող խնդրին լուծում է տվել։

«Տարիքս, որ արդեն նեղություն ա տվալ աշխատելու համար, գաղափարը տիրալ եմ։ էսօր էս պահին մոտավորապես 100-ից ավելի փեթակ ունեմ, իսկ 100 փեթակը չես կարա։ Ամեն տեղափոխման ժամանակ մոտավորապես 300 հազար ինձ վրա փող ա նստում։ Էդ 300 հազարը, 10 բանվոր՝ իրանց ուտելիքով ամեն ինչով։ Գաղափարը դրել եմ, որպեսզի ես էդ ծախսերից թեթևանամ», - ասաց Ճաղարյանը։

Այժմ կարճ ժամանակում, առանց դժվարությունների, կարող է իր մեղվաընտանիքներն ու դրանց հարևանությամբ բուժում ստացող հյուրերին մի տեղից այլ տեղ տեղափոխել, հընթացս էլ վարորդի ուղեխցիկից զրուցել նրանց հետ։

«Մարդ ա էլի, կարող ա ստեղ նեղության մեջ ինի, ընդեղան հրցնես, չկարաս էլի մտնես կողքը, հարմար չլնի մտնելու, միկրաֆոնով ասես՝ հի՞նչ ա, վիճակդ ո՞նց ա, լա՞վ ես զգում, լավ ա, ի՞նչ որ կարիք ունես, պատասխանես, միկրաֆոնավ պատասխանեն քեզ», - ասաց Կարլեն պապը՝ միևնույն ժամանակ սրտնեղելով, որ երիտասարդների համար մեղվաբուծությունը գրավիչ գործ չէ, տարեցտարի կրճատվում է մեղվի հետ աշխատել ցանկացող մարդկանց թիվը։

«Ասում եմ՝ եկեք, 10 հատ ձեզ նվիրում եմ, մենակ չասեք՝ էս տարի եմ օգմում, հետո փախնեք։ Էդ 10 հատը քեզ, շարունակենք իրար հետ աշխատենք։ Վայ, մամա ջան, ասում ա՝ օրվա մեջ պտի ես փող ստանամ, իսկ օրվա մեջ մեղուն փող չի տամ։ Մեղուն փողը տամ ա տարվա վերջին։ Կարող ա մի տարի շատ լինի, մի ուրիշ տարին քիչ լինի», - ասաց մեղվաբույծը։

Նա խոսքով՝ աշխատանք չկա, հողից ստացվող եկամուտներն օր օրի կրճատվում են, ջահելներն էլ պատրաստ չեն տարեկան մեկ անգամ եկամուտ տվող աշխատանք կատարել, փոխարենը լավ աշխատանք գտնելու հույսով գյուղից քաղաք են գնում, քաղաքից ավելի մեծ քաղաքներ, հետո այլ երկիր են մեկնում։ Մի քիչ էլ փնթփթում է՝ երիտասարդները լավ աշխատանք չունենալու պատճառով չեն ամուսնանում, ամուսնացողներն էլ բավարարվում են մեկ-երկու երեխայով։

«Հիմիկվա երիտասարդությունը մենակ սիրում ա առևտուր, մենակ սիրում ա, որ չաշխատի՝ ապրի։ Իսկ մեղուն էլ հակառակ պրոցեսն ա․ եթե մարդը մեղվի նման աշխատի, մեղվի նման կարա իրա ընտանիքը, ոնց որ փեթակի ընտանիքին ա, ոնց որ պահում, եթե իրա ընտանիքը մեղվափեթակի նման պահի, կյանքը շատ ուրախ կինի, և իրար հավատարիմ կլինեն։ Մեղվափեթակում մեկը մյուսին թշնամի չկա, իսկ դրսում թշնամիները շատ են», - ասաց Կարլեն պապը։

Փորձառու մեղվաբույծը տարիների ընթացքում համոզվել է՝ գնալով բնությունն աստիճանաբար անբարենպաստ է դառնում ծաղիկներից անուշահամ մեղր քամող մեղուների համար. հիվանդություններն են շատանում, տարեցտարի մեծանում են մեղվափեթակները կորցնելու վտանգները։

«Բույսեր չկան, էն որ պիտի մեղր տան, դրսում քիմիա ա լրիվ, էս պատերազմներն ա, օդը վարակված ա թույնով, մեղուները չեն կարում ապրեն», - ասաց Կարլեն Ճաղարյանը՝ նշելով՝ այս տարի էլ չդադարող անձրևը թույլ չտվեց մեղվին լավ աշխատել՝ շատ բերք չկա։

Բայց Կարլեն պապը չի հուսահատվում, համաձայն է՝ «թող մեղր չլինի, բայց միայն թե խաղաղ լինի»։

Նա գործից հետո լուրերին է հետևում ու եզրակացնում. - «Անորոշ վիճակ ա, կարճ ասած։ Անորոշ վիճակում ապրում ենք։ Թե երբ կորոշվի վիճակը բարելավվի, մենք էլ հետները, չեմ կարա ասեմ»։

XS
SM
MD
LG