Թեկնածուն սպանվել է, բայց ընտրությունները չեն հետաձգվի
Չորեքշաբթի օրը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում նախագահության թեկնածու Ֆերնանդո Վիյավինսենսիոյի հանդիպումն ընտրողների հետ ողբերգական ավարտ ունեցավ: Հրազենով հանցագործություններն Էկվադորում դարձել են իսկական համաճարակ, որը տարեկան հազարավոր կյանքեր է խլում: Հանրությունը սարսափած է և վրդովված:
Ահաբեկիչները դարանակալել են Վիյավիսենսիոյին, մոտ տարածությունից արձակված երեք փամփուշտները գլխին են հարվածել, թեկնածուին փոխադրել են մոտակա հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն ասել են, որ նրան արդեն մահացած են բերել:
Փոխհրաձգության ընթացքում մոտ տասը մարդ հրազենային վիրավորումներ է ստացել, մահացու վիրավորվել է նաև հարձակվողներից մեկը, որը, ենթադրաբար, երեք անգամ կրակել է թեկնածուի գլխին:
Ոստիկանները ձերբակալել են վեց կասկածյալների: Այդ վայրից մի 20 մետր հեռավորության վրա ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել:
Հեռացող նախագահ Գիլյերմո Լասսոն գրոհն անվանել է քաղաքական հանցագործություն: Միաժամանակ նա հայտարարել է, որ չնայած թեկնածուի սպանության հանգամանքին՝ վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ճիշտ սահմանված ժամկետում՝ օգոստոսի 20-ին:
Երկրում 3 օրով սուգ է և 60 օրով արտակարգ դրություն
«Սա քաղաքական հանցագործություն է, ահաբեկչություն, կասկած չկա, որ նպատակն ընտրությունների խափանումն է»,- ասել է Լասսոն:
Նախագահն արձակել է երկու հրամանագիր: Առաջինով երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Մենք միասնական ենք և համաձայն ենք, որ չնայած կորցրել ենք դեմոկրատիայի համար պայքարող մարտիկին, միևնույն է, պետք է շարունակենք, մենք չեղյալ չենք հայտարարի ընտրրությունները: Ընդհակառակը, դրանք պետք է տեղի ունենան և ամրացնեն դեմոկրատիան»,- ասել է հեռացող նախագահը:
Ապա Գիլյերմո Լասսոն հրապարակել և ստորագրել է նախագահական երկրորդ հրամանագիրը:
«Էկվադորում սահմանվում է արտակարգ դրություն 60 օր ժամկետով: Այս պահից ի վեր զինված ուժերը հավաքագրվում են ամբողջ երկրի տարածքում և պետք է կայունություն ապահովեն: Բանակը պետք է երաշխավորի երկրի խաղաղությունը և օգոստոսի 20-ի ազատ ու դեմոկրատական ընտրությունների անցկացումը»,- հայտարարել է հեռացող նախագահը:
Չորս թեկնածուներ դադարեցնում են ընտրապայքարը
Վիյավիսենսիոյի սպանության համար պատասխանատվությունը ստանձնել է Էկվադորի ամենահայտնի և սարսափազդու ավազակախմբերից մեկը՝ Los Lobos-ը, թարգմանաբար «գայլեր»:
Այս հանցագործությունից հետո նախագահության թեկնածուներից չորսը՝ Օտտո Զոնենհոլսները, Յան Տոպիկը, Յակու Պերեսը և Բոլիվար Արմիխոսը, հայտնել են ընտրապայքարից դուրս գալու մասին:
«Ցավակցություն եմ հայտնում Ֆերնանդո Վիյավիսենսիոյի ընտանիքին, տիկնոջը, դստրերին: Միայն այս տարում ավելի քան երեք հազար էկվադորցիներ են այսպես սպանվել»,- ասել է պայքարը դադարեցրած թեկնածու Զոնենհոլսները:
Նրա խոսքով, մարդիկ իշխանությունից ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր և անվտանգության երաշխիքներ են պահանջում:
«Դադարեցնում եմ պայքարը, այսպես չի կարելի շարունակել, մենք պետք է վերջ տանք բռնությանը»,- հայտարարել է Յակու Պերեսը:
«Ցավակցում եմ Ֆերնանդո Վիյավիսենսիոյի ընտանիքին: Այսօր առավել քան երբևէ պետք է ամուր բռունցքով հակահարված տալ հանցագործներին»,- ասել է Յան Տոպիկը:
«Դուք եք իմ զրահաբաճկոնը, հպարտանում եմ ձեզնով»
Իր վերջին հանրային ուղերձներից մեկում՝ հուլիսի 31-ին, թեկնածու Ֆերնանդո Վիյավիսենսիոն ահազանգել է մաֆիայի վտանգի մասին:
«Թմրադեղի մաքսանենգները, մաֆիան ուզում են իրենց ձեռքը վերցնել քաղաքական իշխանությունն այս երկրում: Քաղաքական մաֆիան է իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնողների թիկունքում, նրանց, ովքեր դեմ են իմ թեկնածությանը»,- ասել է Վիյավիսենսիոն:
Այդ հավաքի ավարտին դիմելով աջակիցներին՝ նա ասել է. - «Դուք եք իմ զրահաբաճկոնը, ես ձեր կարիքն ունեմ, դուք խիզախ մարդիկ եք, ես հպարտանում եմ ձեզնով»։