Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Քարտուղար Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:
Արմեն Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Նրանք նաև քննարկել են Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։