Մատչելիության հղումներ

Քաղաքականից մինչև սոցիալական խնդիրներ. ինչ է քննարկվել փախստականների և բռնի տեղահանվածների ներկայացուցիչների հետ


Քաղաքական հարցերից մինչև սոցիալական խնդիրներ, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, պատմում են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ գրեթե 3 ժամ տևած հանդիպումց դուրս եկած Հադրութի, Շուշիի, ինչպես նաև Բաքվի ու խորհրդային ադրբեջանական այլ բնակավայրերի նախկին բնակիչները։

«Իմ հիմնական պահանջը, մեր հիմնական պահանջը, ասացի, որ երեք տարի է չի փոխվել՝ մեզ փախստականի կարգավիճակ է պետք, և բնակավայրերով ապահովել է պետք», - ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լևոն Հայրյանը։

Նա հարց է բարձրացրել հանդիպման ընթացքում՝ եթե 2020-ի պատերազմից հետո տեղափոխվել են Երևան կամ հայաստանյան այլ բնակավայր Արցախում տունը կորցնելու ապտճառով, ի՞նչ պետք է անեն հիմա։ Նախկինում Հադրութի ու Շուշիի բնակիչներին առաջարկում էին բնակարաններ Արցախում, իսկ հիմա ինչպե՞ս պետք է Արցախ վերադառնան, երբ ճանապարհը փակ է, իսկ Արցախում՝ հումանիտար ճգնաժամ. - «Նաև խոսեցինք, ասացինք, որ բարձր ատյանների առաջ հարց բարձրացնեն, չնայած իրենց չի վերաբերում, արդեն քաղաքական հարց է, բայց որպես կառավարության անդամի՝ նախարարին խնդրեցինք, որ վարչապետին և բարձր ատյանների փոխանցեն, որ մեր հիմնական պահանջը փախստականի կարգավիճակն է և Հայաստանում Հադրութից, Շուշիից, Մարտունու մի քանի գյուղերից և Արցախից տեղահանվածների համար համայնք կառուցեն, որպեսզի այդ ժողովուրդը համայնքում ապրի»։

Նախարար Նարեկ Մկրտչյանը խոստացել է քննարկել այս հարցը, սակայն առնվազն այսօր հարցի պատասխանը կառավարության ներկայացուցիչը չի ունեցել։

«Ասացի՝ հասկացեք, որ այնտեղ երկար ժամանակ բնակարաններ չեք կարողանալու կառուցել, հարց է՝ ե՞րբ պիտի Հադրութը վերադարձնեք մեզ, իսկ եթե Հադրութը չվերադարձնեք, մենք չենք գնալու այնտեղ, բուն հադրութեցիներն այնտեղ չեն գնալու, Արցախի մնացած շրջաններում ապրելու համար չեն գնալու», - պատմեց Լևոն Հայրյանը։

Եթե Շուշիից ու Հադրութից տեղահանվածների բնակարանների հարցը այժմ անորոշ է, ապա մյուս բնակավայրերից տեղահանվածներից շատերը տներ ձեռք բերելու սերտիֆիկատներ՝ վկայականներ են ստացել, շատերի պարագայում ընթացքում խնդիրներ են ծագել, նախարարի հետ հանդիպմանը կրկին խոսել են այդ հարցերից, սակայն ըստ հանդիպման մասնակիցների՝ հավաքի գլխավոր նպատակը պատերազմի պատճառով, ինչպես նաև բռնի տեղահանվածների իրավունքների քննարկումն էր՝ արդյոք նրանք ունենալու են փախստականի կարգավիճակ։

«Իրենք փորձում են փախստականների հարցն էլ ավելի բարձրացնել, Իլհամը, ակտիվացնելով արևմտյան Ադրբեջանի իր պրոյեկտը, ինքը մի տեսակ ստիպում է մեր իշխանություններին տեղից շարժվել և փախստականների խնդիրը հիշել», - նշեց Մարիամ Ավագյանը, որ ղեկավարում է ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը։

Նրա խոսքով՝ մի քանի տասնամյակ բարձրացրել են այդ հարցը ու փորձել հիմնավորել, որ իրենք պետք է ունենան փախստականի կարգավիճակ։ Կազմակերպությունը հստակ թվի չի տիրապետում, թե խորհրդային Ադրբեջանից տեղահանված քանի հայ է այժմ բնակվում Հայաստանում. - «Փախստականը պարտավոր է ինտեգրվել սոցիալ-տնտեսական առումով, բայց ոչ իր կարգավիճակով, մի՛ ստիպեք նրան ինտեգրվել։ Արդեն այդպիսի պարտադրված ինտեգրում, ընդ որում շատ ագրեսիվ ձևով արվել է 2010-2012 թվականներից առաջ էլ, և այդպես պարտադրված շնորհել են Հայաստանի քաղաքացիություն։ Մենք տեսնում ենք, որ այսօր մենք քաղաքական դաշտում տանուլ ենք տալիս, որովհետև Ադրբեջանը ի հեճուկս մեզ պահել է այդ կարգավիճակը և հիմա թվեր է կրակում»։

Ներքին գործերի նախարարության միգացիոն ծառայության տվյալներով՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, իսկ նրանցից 360 հազարը տեղափոխվել են Հայաստան։ Այս թվերի վերաբերյալ հետագայում վերահաշվարկներ, սակայն, չեն արվել։

XS
SM
MD
LG