Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բուլղարիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի իր գործընկերոջ՝ Մարիա Գաբրիելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները:

Նախարար Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը:

«Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով», ասված է ԱԳն հաղորդագրությունում։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG