Մեծ Բրիտանիայում առգրավվել են Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (հավասար է մոտ 25 միլիոն դոլարի) ունեցվածքը։ Լոնդոնի դատարանը վճռել է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի եղանակով:
Խոսքը Լոնդոնի Բելգրավիա անվամբ շքեղ թաղամասում երկու բնակարանների և Սուրեյում առանձնատան մասին է։
Դատարանն այդ անշարժ գույքը բռնագանձելու պահանջը քննել է 2018 թվականից։ Ըստ բրիտանական իշխանությունների՝ Ուզբեկստանի շուկա մուտք գործելու համար հեռահաղորդակցության ընկերությունները Քարիմովային հարյուրավոր միլիոն դոլարների կաշառք են տվել:
Քարիմովան անկախ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրն է։ 2017 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ շորթման, հարկերից խուսափելու և այլ հանցագործությունների հոդվածներով: 2019 թվականի սկզբից նա իր պատիժը կրում է Տաշքենդի շրջանի գաղութներից մեկում։
2020 թվականի մարտին Տաշքենդի քաղաքային քրեական դատարանը նրան դատապարտել է 13 տարի 4 ամիս ազատազրկման՝ հանցավոր համայնք ստեղծելու, շորթման, յուրացումների, փողերի լվացման և այլ հոդվածներով:
2020 թվականին դատարանը երրորդ գործով է նրան դատապարտել 13 տարվա ազատազրկման։