49-ամյա Նուշիկ Մուրադյանը նորից մայրիկ է։ Գեղամ Ղազարյանը՝ հայրիկ:
«Ես օդերի մեջ եմ, չեմ հավատում», - ասաց Գեղամ Ղազարյանը:
3 կիլոգրամ ու 350 գրամ կշռող Սամվելը 5 օր առաջ է ծնվել, մեծ եղբոր անունն ունի և մյուս եղբոր՝ Նարեկի դիմագծերը։ Նրանք երկուսն էլ զոհվել են 44-օրյա պատերազմում։
«Երկուսը՝ մեկում. նման ա պուճուր տղիս, բկլատ ա մեծ տղիս պես», - ասաց Գեղամ Ղազարյանը՝ նշելով. - «Տունս ինձ համար մութ թունել էր պատերազմից հետո»:
Երեխա ունենալու կնոջ ցանկությանն սկզբում դիմադրել է. - «Մտածում էի կարող է մեծացնեմ, նորից ես նույն բախտին արժանանամ»:
Նուշիկը երազն է պատմում, Սամվելի ու Նարեկի զոհվելուց հետո նրանց հագուստը բաժանել էր մարդկանց, երազում Սամվելը հագուստ խնդրեց. - «Ասաց՝ մամ, բաժանել ես, հիմա շոր չունեմ, ախր ես պետք ա ծնվեմ, ինձ նորից շորեր կգնե՞ս»:
Տանը նորից Սամվել ու Նարեկ կանչելու համար դիմեց պտղաբերության կենտրոն։ Փոքրիկը ծնվեց փոխնակ մոր օգնությամբ՝ «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի աջակցությամբ։ «Ձեր բալիկին տաքուկ տեղում կպահեմ 9 ամիս ու ձեզ տամ», - փոխնակ մոր խոսքերն է հիշում Նուշիկը:
«Ինքը շատ սիրով մեր համար բալիկ ա ունեցել: Սրտանց, սիրով պատրաստակամ ա նորից մեր համար բալիկ ունենա: Ասում ա՝ եթե նորից ես նման քայլի գնամ, մենակ ձեր համար եմ գնալու», - պատմեց մայրը:
Երբ պտղի սիրտը սկսեց բաբախել, պտղաբերության կենտրոնի ողջ անձնակազմը ծափահարում էր, պատմում է երկու որդիներին կորցրած մայրը՝ երազով, որ այս մի որդու շուրջը միայն ծափեր կլինեն։
«Երկու մասնաշենքի աշխատակիցները հավաքվել էին, որ իրա սրտի բաբախը լսեն ու ծնվելն էլ՝ ինքը վիրահատարանում էլի ամբողջ անձնակազմի ծափերի ներքո, ինքը տենց ուրախ տղա ա մեծանալու, ջերմության ու սիրո մեջ ա ծնվել», - ընդգծեց Նուշիկ Մուրադյանը:
Ղազարյանները պահ տված էլի սաղմիկներ ունեն, վստահ են Սամվելն իրենց միակ որդին չի լինելու։ Պստիկը էջմիածնի ծննդատանն է ծնվել, Նուշիկն այստեղ է աշխատում, մանկաբարձուհի է, մինչև դուրսգրման ժամը գա՝ շնորհավորանքներ է ստանում։ Բուժքույրերից Հռիփսիմեն է գրկում՝ բախտակիցներ են։ Բուժքրոջ որդին էլ այս պատերազմի զոհերից է:
Ինչո՞ւ սպանվեցին մեր երեխաները՝ այս հարցը վերջին երեք տարվա բոլոր օրերի հարցն է. - «Ուզում եմ մեղավորները տեսնեն էս վիճակը, որովհետև կարային պատերազմը կանխեին, թող մեղքի զգացումն իրանց տանջի»:
Սամվելը 19 տարեկան էր, Նարեկը՝ 18. երկուսն էլ ժամկետային զինծառայողներ, Ջաբրայիլում զոհվել են նույն օրը:
Նարեկը նորակոչիկ էր, երդում չէր հասցրել տալ, զենք չէր բռնել՝ ինչպե՞ս, ո՞ւմ որոշմամբ տարան սպանդի, հարցնում է մայրը: Որդին վիրավորվել ու արնաքամ է եղել՝ օգնություն չստանալով, գումարտակի հրամանատարը փախել է:
«Ինքն իրան վիրավորել ա, փախել ա, էրեխեքին թողել ա մենակ: Եթե ինքը ընդեղ լիներ, իմ տղայի վերքն այրեր, արյունը դադարացներ... Հե՞շտ ա 3 տարի ապրել էդ զգացումով, որ էրեխեդ արնաքամ 11 ժամ...», - ասաց Նուշիկը:
Իսկ Սամվելը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Պատերազմի դժոխքը Ղազարյանների համար շարունակվել է որդիների մահից հետո. նրանց մարմինների որոնումն է սկսվել. «Օգոստոսին Սամվելին գտան, Նարեկին՝ դեկտեմբերին»:
Գեղամ Ղազարյանը փրկարարների հետ Արցախի մարտադաշտերում Սամվելի մասունքներն էր փնտրում ավելի քան տասը ամիս, հետո պարզվեց՝ որդու մարմինը Աբովյանի դիահերձարանում գետնին լցված պարկերից մեկում է: Հայրն ուզում է տեսնել փախած հրամանատարների ու զոհերի մասունքներն անարգածների պատիժը. - «Պայքարում ենք, որ էս հիմիկվա սերունդը չարժանանա այն բախտին, ինչին արժանացան մեր տղերքը, պիտի իրանք ապրեն»:
Նարեկը հետմահու արժանացել է Արցախի «Մարտական խաչ» ու «Մարտական ծառայություն» մեդալների, իսկ Սամվելը Արցախի հերոս է։ Փոքրուց դհոլ էր նվագում, բանակից պիտի գար ու կոնսերվատորիայում սովորեր, մայրը առաջնեկի ծրագրերն է հիշում:
Ղազարյաններն իրենց նոր տղայի հետ ծննդատնից դուրս եկան հենց դհոլի հարվածների ներքո:
Ընտանիքը Զվարթնոցում է ապրում: Նուշիկը նորածնի հետ երկար կանգնեց հյուրասենյակում՝ որդիների հիշատակի անկյունում, այստեղ նրանց տարբեր տարիների լուսանկարներն են, մեդալները... Տղաների պատերազմից հետո դատարկված ննջարանում հիմա փոքրիկ Սամվելի օրորոցն է։ Նուշիկը նորից մայրիկ է, Գեղամը՝ նորից հայրիկ։