Դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Նիկոյանը, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևանի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար:
Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը:
Հետագայում այս ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ դատախազության՝ նախկին փոխքաղաքապետը նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը:
2019-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Նիկոյանը հոր համար որպես այլ առավելության տեսքով կաշառք 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար դրամ գույքային օգուտ: