Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկող Համահայկական 8-րդ խաղերն, ըստ կազմակերպիչների, աննախադեպ են մասնակիցների թվով


Գյումրիում այսօրվանից մեկնարկող Համահայկական 8-րդ խաղերն, ըստ կազմակերպիչների, աննախադեպ են մասնակիցների թվով ու աշխարհագրությամբ։ Օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անցկացվող և Սփյուռքի ու Հայաստանի հայերին համախմբող այս միջոցառմանն այս տարի 42 երկրի 7000-ից ավելի մասնակից կհյուրընկալվի, ասում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Յոթ նոր պետություն ունենք, որ երբևէ չեն մասնակցել՝ Ղազախստանը, Սաուգյան Արաբիան, Չիլին, Հնդկաստանը, Հորդանանը, Բելառուսը, Էստոնիան, Շվեդիան էլ է ավելացել, երեք հոգի Ստոկհոլմից են մասնակցելու: Արդեն 42 դարձավ: Սա, իհարկե, շատ լավ ցուցանիշ է, ամենաբարձր ցուցանիշը մենք ունեցել ենք 15 թվականին, 100-ամյակի միջոցառումների շրջանակում համընկել էր համահայկական խաղերը և ունեինք 35 պետություն, հիմա արդեն՝ 42», - նշեց Զաքարյանը:

Համահայկական խաղերի բացման համար Գյումրիի մարզադաշտում մեծ բեմ է կառուցվել, հատուկ լուսավորություն տեղադրվել, ասֆալտապատվել է մարզադաշտի հարակից փողոցը։ Բացմանը ներկա գտնվել ցանկացողները շատ են, բայց տեղերը՝ սահմանափակ։

«Էս պահին ստադիոնն ունի 4000 տեղ, մենք կարծեմ 7000-ն էլ ավելացրել ենք», - ասաց Իշխան Զաքարյանը:

Որքա՞ն գումար է ծախսվում համահայկական խաղերի անցկացման համար և ով է տրամադրում. - «Նայեք մարզադաշտին և ձեր հարցի պատասխանը կստանաք: Մենք պետական բյուջեից մեկ լումա չենք ծախսում, ամբողջ ֆինանսավորումն արվում է հովանվորներով: Ինչքան մեծանում է աշխարհագրությունը, ծավալը, մարզաձևերի թիվը, մասնակիցների թիվը, այնքան բնականաբար, նաև ծախսերն են ավելանում: Բայց նաև ի շնորհիվ մեր հովանավորների կարողանում ենք հոգալ ծախսերը, կարողանում ենք կազմակերպել: Սա ևս համահայկականության գաղափար է, երբ որ մենք բյուջեի վրա որևէ ծանրություն չենք թողնում և անում ենք հովանավորությամբ: Չնայած պետական կառուցներն ամեն ինչով օգնում են»:

Համահակական խաղերի բացմանը արդեն չորրորդ անգամ մասնակցում է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը՝ իր նոր երգով։

«Շատ-շատ հոզիչ է, սա իմ արդեն 30-ն անց այցն է հայրենիք, բայց Համահայկական խաղերն իսկապես յուրահատուկ տեղ ունեն, քանի որ սպորտը պատճառ է, նպատակը միասնությունն է: Մենք կյանքի պայմաններով տարածվել ենք աշխարհի 4 կողմը, բայց մեր տունը հայրենիքն է ու կմիանանք քույր-եղբայրներով հարենիքի մեջ», - ասաց Սիբիլը:

Համահայկական խաղերը հյուրընկալող Գյումրիի ու մարզի մյուս բնակավայրերի հյուրատներում և հյուրանոցներում այս օրերին ազատ տեղ չես գտնի, ասում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը. - «Բազմաթիվ զանգեր եմ ստացել թե՛ իմ հարազատներից, թե՛ ընկերներից, թե՛ գործընկերներից՝ մնալու ցանկություն, բայց կարելի է ասել, մեկ ազատ համար 3 ժամ զանգերի արդյունքում մենք չենք կարողացել: Այս պահին ազատ հյուրանոցային համարներ գոյություն չունեն»:

Մարզային ու քաղաքային կառույցները մասնակցել են կազմակերպչական աշխատանքներին։

Համահայկական խաղերի մասնակիցները մրցելու են 19 մարզաձևերում, մրցումներն անցկացվելու են ոչ միայն Գյումրիում, այլև Ամասիայում, Արթիկում ու Հայաստանի այլ քաղաքներում։ Փակումը օգոստոսի 19-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG