Հայաստանի պետական ֆիլհարմոնիան չափազանց ուշագրավ ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ՝ «Լսիր» մարզային համերգաշարը ավարտվեց անցած շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած ֆրանսիացի անվանի ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեի համերգով։
Այս տարեսկզբից է մեկնարկել «Լսիր» խորագրով 4 մարզերում՝ Տավուշում, Լոռիում, Շիրակում և Սյունիքում կայացած այս համերգաշարը, որի նպատակն էր մարզերի բնակիչների համար շատ հետաքրքիր համերգներ կազմակերպել աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ, իսկ մարզային համերգներից հետո նրանց եզրափակիչ համերգները կազմակերպել նաև մայրաքաղաքի երաժշտասերների համար։
Այս համերգաշարի շրջանակներում Հայաստանի 4 մարզերում համերգներով հանդես եկան 4
աշխարհահռչակ երաժիշտներ՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, սերբացի ակորդեոնահար Մարկո Շևարլիչը, գերմանացի շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը և ֆրանսիացի ալտահար Վենսան Ռուայեն։
Մայրաքaղաքում կայացած նրա համերգով էլ ամփոփվեց «Լսիր» համերգաշարը, որը
կազմակերպիչների խոսքով՝ մեծ արձագանք գտավ Հայաստանի 4 մարզերում, որտեղ, իհարկե, միշտ չէ, որ բախտ է վիճակվում ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտների։ Ի դեպ, մարզային համերգաշարը ունկնդիրների համար կազմակերպվել է անվճար։ Մարզերի երիտասարդ երաժիշտների համար էլ անցկացվել են սեմինարներ և վարպետության դասեր։
«Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է այս նախաձեռնությունը, ընդհանրապես մարզային մշակութային կյանքի զարգացումը, ակտիվացումը, այդ իսկ պատճառով հենց այդ ձևաչափն է ընտրվել: Երաժիշտները գալիս են ու առաջին հերթին գնում են մարզեր, նվագում են, երիտասարդների հետ վարպետության դասեր են անցկացնում ու բնականաբար, նաև համերգներ են ունենում Երևանում», - ասաց համերգաշարի պրոդյուսեր Արմեն Մանասյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն էլ նշեց. - «Ամենակարևորը, որ ժամանակակից երաժշտություն է հնչում, մենք սկսում ենք քայլել աշխարհի հետ նույն քայլի արագության մեջ, որը կարող է մարդ լսել Երոպայում, Ամերկայում, աշխարհում ամեն տեղ ու Հայաստանում նա կարող է լսել, նույն ժամանակի մեջ ապրել ժամանակից երաժշտության հետ: Որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում, երբ ասում ենք ժամանակակից երաժշտություն ու լսում ենք ժամանակից երաժշտություն, միշտ չէ, որ աշխարհում մեզ հետ համաձայն են, որ դա ժամանակից երաժշտություն է»:
Հավելենք, որ շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած համերգի ընթացքում ֆրանսիացի նշանավոր ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն ներկայացրեց 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներից Ջիաչինտո Շելսիի և Հորացիո Ռադուլեսկուի 4 բարդագույն ստեղծագործությունները, որոնք Հայաստանում հնչում էին առաջին անգամ։ Հայաստանյան այս պրեմիերաներին զուգահեռ նա կատարեց նաև իր իսկ ստեղծագործությունները։
Վենսան Ռուայեն ասաց՝ հիացած է այն փաստից, որ ինքը գտնվում է Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի հայրենիքում, որի մասին նա բազմիցս լսել է նաև իր հայ ընկերներից։ Մեկ շաբաթ անցկացնելով Հայաստանում և հանդես գալով մարզերում և հիմա էլ մայրաքաղաքում՝ չափազանց տպավորված է և երջանկության զգացողությամբ է մեկնում Երևանից։
Հիշեցնենք, որ արդեն ավարտված այս համերգաշարը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։