Երեկ կալանավորված հայր և որդի Սմբատյանները մեղադրանքը չեն ընդունում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
«Հողատարածքը իրենք գնել են զրո դրամով, իրենք չեն գնել հողատարածքը, հողատարածքն իրենց հատկացվել է, որպեսզի իրենք 800 միլիոն դրամ ներդրումով կառուցեն «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը», - ասում է գործը վերահսկող դատախազ Ծովակ Մնացականյանը։
Նա պնդում է՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, նրանք հափշտակել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։
Ըստ քրեական գործի՝ դեռ 2012-ին կառավարության որոշմամբ՝ Սմբատյաններին պատկանող «Սոխոսենթր» ընկերությանը զրո դրամով հատկացվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածք, որի արժեքն այդ պահին եղել շուրջ 170 միլիոն դրամ։ Ընկերությունն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր, հավաստիացրել, որ պատրաստ է իր միջոցների հաշվին Չայկովսկու անվան դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել։ Բայց, խոստումների փոխարեն, Սմբատյաններն իրենց գնած տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել, որտեղ, սակայն, «Գրքերի աշխարհը» չկա։ Այդ բիզնես կենտրոնն այժմ գործում է, տարածքում գրասենյակներ են, ռեստորաններ։ Դատախազությունն այս ներդրումային նախագիծը կեղծ է որակում՝ նշելով, որ այն ներկայացվել է տարածքը խարդախությամբ հափշտակելու համար։
«Ստացվել է 166 միլիոն այդ ժամանակվա այդ փողոցի՝ քաղաքի այդ հատվածի այդ մակերեսով հողատարածքի մոտավոր շուկայական արժեքով և այն 800 միլիոն ներդրումային ծրագրով, որը ի վերջո չի կատարվել», - ասաց նա։
Սմբատյաններին վերագրվող հանցագործությունը տեղի է ունեցել դեռ 11 տարի առաջ, բայց ավարտին է հասցվել 2016-ին, պնդում է դատախազ Ծովակ Մնացականյանն ու պարզաբանում՝ վաղեմության ժամկետները չեն անցել՝ հանցագործության սկիզբ է համարվում է 2012, իսկ ավարտը՝ 2016 թվականը։
Օրենքով այս ծանր հանցագործության ժամար 10 տարին պետք է լրանա, որ վաղեմության ժամկետն անցած համարվի. - «Եվ այդ հափշտակության ավարտը դիտվել է այն ժամանակահատվածը, երբ այդ գույքը ամբողջությամբ ազատվել է պետական սահմանափակումներից, այսինքն՝ պետության մոտ այդ գույքը գրավադրված է եղել մինչև կառավարության որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումը, և այդ պետական սեփականության ֆոնդից դուրսբերման և մասնավոր սեփականության ֆոնդ ներմուծվելու պահը հանդիսացել է 2016 թվականը»։
Մինչդեռ, Սմբատյանների փաստաբանը պնդել էր, որ իրավապահները արդեն երեք տարի է քննում են մի գործ, որի վաղեմության ժամկետներն անցել են։ Երվանդ Վարոսյանը աբսուրդ է որակում մեղադրանքն ու Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը ինչ-որ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը»։
Սմբատյանների փաստաբան Վարոսյանը գործից դեռ մանրամասներ չի հրապարակում։ Միայն փոխանցեց՝ վաղեմության ժամկետն անցել է դեռ 10 տարի առաջ՝ 2012 թվականին, երբ ընկերությունը դարձել է հողատարածքի սեփականատերը։ Դատախազն, իր հերթին, պնդում է՝ այո, դեռ 2012-ին է գրանցվել սեփականության վկայականը՝ գույքի գրավադրմամբ, բայց 2016-ին գրավը հանվել է։
«2016-ին արդեն հնարավորություն է եղել, որ այդ պարտականությունների կատարմամբ թերևս ոչ ամբողջ ծավալով, բայց կատարմամբ գույքը գրավից ազատվել է, և 16 թվականին արդեն գրանցվել է ընկերության լիարժեք սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ», - ասաց դատախազ Մնացականյանը՝ հավելելով, որ կասկածներ ունեին, որ Սմբատյանները կարող են ազդել գործով անցնող անձանց վրա, այդ պատճառով էլ կալանավորել են նրանց։
Ըստ դատախազի՝ նման նախադեպ եղել է հայր Սմբատյանի դեպքում։ Իրավապահները պնդում են, որ հայր Սմբատյանը չի ցանկացել, որ երևա որդու անունը, այդ պատճառով էլ իր ազգականներից մեկին համոզել է Սերգեյ Սմբատյանի համար հիմնադրել «Սոխոսենթր» ընկերությունը։ Ազգականից բացի, ընկերության մյուս համահիմնադիր է դարձել մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանի մտերիմը։
«Իրենց անվամբ բաժնետոմսեր չեն եղել, բայց ձեռք բերված տվյալներով այդ բաժնետոսմերը պատկանել են իրենց», - ասաց նա։
Եվ հիմնադրումից օրեր անց ընկերության այն ժամանակվա տնօրեն, այժմ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ղեկավարող Նիկոլայ Կոնստադյանը քաղաքապետին է ներկայացրել իրենց առաջարկ ծրագիրը՝ կառուցելու «Գրքերի աշխարհ» համալիրը։ Երևանի այն ժամանակվա քաղաքապետն էլ ծրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինս, թեև տեղյակ է եղել մշակութային համալիրի փոխարեն բիզնես կենտրոնի կառուցման նպատակների մասին, բայց չի առարկել և վերջում ստացվել է, որ կառավարությունը հավանություն է տվել մշակութային մի ծրագրի՝ «Գրքերի աշխարհ» համալիրի կառուցմանը, որի փոխարեն, սակայն, կառուցվել է բիզնես կենտրոնը։
Իրավապահները երեկ կալանավորել են այս գործով մեղադրյալ, գործարար Արման Պետրոսյանին, որը 2016-ին՝ տարածքի սեփականության վկայականը ստանալու ժամանակ եղել է «Սոխոսենթր» ընկերության 50 տոկոսի սեփականատերը։